Քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու. Նիկոլ Փաշինյան
Իհարկե, շատ ցավալի են այդ դեպքերը, որ տեղի են ունենում։ Եվ պետք է արձանագրել, որ քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու, և աշխարհի բոլոր երկրներում տեղի են ունենալու, տեղի են ունենում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող ավտովթարներին և դրանց հետևանքով մահացության դեպքերին։
«Մենք աշխատանքային խումբ ունենք երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակադրմամբ, և բացի աշխատանքային խմբից՝ նաև ինստիտուցիոնալ կառույցներ ունենք, որ այդ ուղղությամբ աշխատում են և պետք է աշխատեն։ Ամեն տարի ջանքեր են գործադրվում։
Ի՞նչ ենք անում երթևեկության անվտանգության հետ կապված։ Միջոցառումներ ենք ձեռնարկում՝ սկսած գծանշումներից։ Դուք տեսնում եք, որ այսօր ճանապարհներին մենք ունենք գծանշումներ, և նաև այնպիսի գծանշումներ, որոնք վարորդների զգոնությունը բարձրացնելուն են ուղղված, որոնք նախկինում կա՛մ չեն եղել, կա՛մ այդ մասշտաբի չեն եղել, և այդպես շարունակ։ Դա շարունակական աշխատանք է։
Բայց եթե ակնկալում եք, որ ես ստանձնեմ հանձնառություն, որ ապագայում լինելու է մի կետ, երբ այս իրադրությունը չի լինելու, դա իրատեսական չէ։ Իհարկե, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, զոհվածների և վիրավորվածների թիվը նվազեցնելը շատ կարևոր է։ Բայց, մյուս կողմից, մենք պետք է առերեսվենք նաև մեքենաների թվի աճին, քանի որ դա էլ է տեղի ունենում, և այդտեղ դիլեմաներ կան, որոնց պետք է առերեսվել, և որոնց հետ պետք է առնչվել։
Մենք խումբ ունենք նույնիսկ, որը տեղորոշում է ճանապարհների, այսպես կոչված, «սև կետերը»։ Որո՞նք են կոչվում սև կետեր. այն տեղերը, որտեղ վթարներն առավել հաճախ են տեղի ունենում։ Եվ նաև երթևեկության կազմակերպման փոփոխություններ են անում։ Օրինակ՝ տեսած կլինեք՝ այդ թվում միջպետական նշանակության մայրուղիների շատ տեղերում, որտեղ շրջադարձի տեղեր կան, այդ շրջադարձի տեղերը փակվում են, համապատասխան գծանշումներ են արվում և այլն, և այդպես շարունակ։ Բայց, ամեն դեպքում, բոլոր այս միջոցների մեջ կա մի գործոն, որը շատ հաճախ որոշիչ է լինում. դա անհատ վարորդի՝ մարդկային գործոնն է, որը շատ էական ազդեցություն է ունենում հիմնական դեպքերում։ Այսինքն՝ այդպիսի մի բան չկա՝ որոշում, համակարգ, օրենսդրություն, որը մենք այնքան փոխենք, որ մարդկային գործոնն այնտեղ դեր չունենա։ Ի վերջո, մարդկային գործոնը դեր ունենալու է՝ ինչ էլ անենք ճանապարհին։ Ի վերջո, եթե մարդը սահմանված ժամկետից ավելի է վարում կամ գերհոգնած է և ղեկին քնում է, չի կանգնում ու հանգստանում, կամ ալկոհոլ օգտագործած վիճակում է և այլն... Այսինքն՝ այդպիսի դեպքերն ինչպե՞ս կարելի է բացառել։ Ի միջի այլոց ասեմ՝ ես, օրինակ, Միացյալ Նահանգներում տեսել եմ՝ այնտեղ ուրիշ կարգավորում կա, որ եթե ինչ-որ վարորդ նախկինում ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու հետ կապված խնդիր է ունեցել, սարք են դնում, և այդ վարորդը կես ժամը մեկ պետք է փչի այդ սարքի մեջ, և եթե սարքն ալկոհոլի դոզա է հայտնաբերում, մեքենան արգելակվում է»,- նշեց վարչապետը։



