երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

Գեղարքունիքի մարզում նա հետևել է Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակներ, կանաչապատ տարածք, ապաստարան։

Հաջորդ կանգառը Ջիլի միջնակարգ դպրոցում էր, որը ներառում է նաև նախակրթարան։ Դպրոցն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, բացօթյա մարզադաշտ և մարզահրապարակ։

Կոմիտեի ղեկավարը դիտարկել է նաև Ակունքի և Գագարինի դպրոցների մարզահալիճների վերակառուցման ծրագրերի շինարարական աշխատանքները։

Եղիազար Վարդանյանը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորել է կրկնակի ուշադիր լինել՝ մինչև ծրագրերի ավարտը բոլոր աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։ Շինարարների և կոմիտեի աշխատակիցների հետ քննարկվել են ավարտական փուլի աշխատանքների ծավալը սահմանված ժամանակացույցում կատարելու վերաբերյալ հարցեր։

  • Կիսվել: