Քաղաքապետը գործուղման մեջ է. Անաստաս Միկոյան փողոցի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. խոսնակ
Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- գրել է նա:
Նշենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ բողոքի և անհամաձայնության ձայն բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ: