ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
«Փսխումների հետքեր նկատեցինք». Քասախում մահացած կինն ու անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդիկ վարձով էին ապրում

«Փսխումների հետքեր նկատեցինք». Քասախում մահացած կինն ու անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդիկ վարձով էին ապրում

Կոտայքի մարզի Քասախ համայնքում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մահացած 24-ամյա կինն ու անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդիկ վարձով էին ապրում։ NEWS.am-ի զրույցում տան սեփականատերը պատմեց, որ մեկ ամիս առաջ էր վարձակալության հանձնել բնակարանը ընտանիքին: 

«Մի քանի օր է` բողոքում էին, որ իրենց վատ են զգում, սննդից թունավորվել էին երևի: Հիվանդանոց չէին դիմել, դեղատնից դեղ էին գնել ու խմել։ Նոր էին ամուսնացել, աղջիկը 24 տարեկան էր, տղան մոտ՝ 30: Աղջկա եղբայրն էլ էր նրանց հետ ապրում»,-պատմեց տան տերը: Տան սեփականատերը պատմեց, որ առավոտյան կնոջ մայրը, որը նույն գյուղում է բնակվում, եկել է դստեր տուն, դուռը թակել, սակայն որևէ մեկը չի բացել. «Մեզ խնդրեց, փեսաս լուսամուտով մտավ տուն ու տեսավ, որ երեքն էլ անգիտակից են: Շտապօգնություն զանգեցինք, աղջիկն արդեն մահացած էր, տղաների կյանքը հաջողվեց փրկել, նրանք տեղափոխվեցին հիվանդանոց»:  Տան սեփականատերերը բացառեցին գազի արտահոսքի վարկածը, նշելով, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն էլ ստուգել են, և ֆիքսել, որ գազի հոտ չի զգացվում:  «Մի քանի օր առաջ տղաներից մեկի ծնունդն էր, ծննդյան տորթն ու աղցանները դեռևս սառնարանում էին գտնվում: Ենթադրում եմ, որ հենց սննդային թունավորում է եղել: Երբ տուն մտանք, նկատեցինք նաև փսխումների հետքերը»,-պատմեցին տան սեփականատերերը:

  • Կիսվել: