հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Պռոշյանում ակցիայի վայր ժամանեցին կարմիր բերետավորները. ճանապարհը շարունակում է փակ մնալ

Պռոշյանում ակցիայի վայր ժամանեցին կարմիր բերետավորները. ճանապարհը շարունակում է փակ մնալ

Երեւան-Աշտարակ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Պռոշյանցիները արդեն մեկ ժամից ավելի է, որ չեն բացում ճանապարհը: Ոստիկանները փորձում են համոզելով բացել ճանապարհը, սակայն ապարդյուն:

Պռոշյանցիներից մեկը դիմելով ոստիկաններին, ասաց. «ես թոշակառու մարդ եմ, 40000-ով ես կարո՞ղ եմ ապրեմ, որ օրը 1000 դրամ ծախսեմ Երեւան գնալու համար: Բոլորն էլ ժողովուրդ են, թող մեկի հարստության մասին չմտածեն, մեկը հարստանա, բոլորը սնանկանան: Էս ի՞նչ վիճակ է այս երկիրը։ Բացեմ հացիս տոպրակը, տեսնեք, որ երկու հատ ձվով գնում եմ աշխատեմ, որ գոյություն պաշտպանեմ։ Մարդիկ հարստանում են, ժողովրդին դարձնում հացամուր»:

Ավելի ուշ այստեղ ժամանեցին կարմիրբերետավորները:

Նշենք, որ նախօրեին պռոշյանցիների եւ ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տեւած հանդիպման արդյունքում պարզ է դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։ Ըստ բնակիչների՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվճարը լինելու է 200 -250 դրամ։ Բնակիչների խոսքով՝ 25 և 59 համարների ավտոբուսներից օգտվելու դեպքում իրենք վճարում էին 150 դրամ, իսկ «Մուլտի տրանսպորտ» պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից օգտվելու դեպքում ոչ միայն միայն ավելի թանկ պետք է վճարեն, այլ՝ այն սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ մինչև ֆիզիկայի ինստիտուտ։

  • Կիսվել: