չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել է Yerevan.today-ի օպերատորը, կորցրել են ուղիղ եթերի սարքը

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել է Yerevan.today-ի օպերատորը, կորցրել են ուղիղ եթերի սարքը

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել է Yerevan.today-ի օպերատորը: Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտնել է, որ վնասվել է օպերատորի ոտքը, կորցրել են ուղիղ եթերի սարքը:

«Երեկոյան, երբ կառավարական ամառանոցների մոտ քաշքշուք տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, կարճ ժամանակ անց ուղիղ եթերը կորավ, ապա կորավ կապը Yerevan.Today-ի օպերատորի հետ։

Հրմշտոցի մեջ ուղիղ եթերի սարքը կորցրինք, քանի որ ոստիկանները խլում են օպերատորի ձեռքից կամերայի մոնոփոդը (սարքը, որի վրա ամրացվում է տեսախցիկը) և դրանով սկսում ծեծել ցուցարարներին։ Ոստիկանները ցուցարարներին ծեծում են էդ մետաղով։ Չգիտեմ, թե որ ցուցարարի մարմնի որ մասի վրա կոտրվում է սարքը։ Ոչ ուժեղ, բայց վնասվել է նաև օպերատորի ոտքը։

Մենք մեր փաստաբանների հետ կքննարկենք ոստիկանության գործողություններին մեր մասով իրավական ընթացք տալու հարցը։ Հուսով ենք նաև, որ ուղիղ եթերի մեր սարքը կկարողանանք հետ բերել», - գրել է Հակոբյանը:

Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Հիշեցնենք նաև, որ  կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։

Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ:

  • Կիսվել: