հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Փորձում ենք կապի դուրս գալ «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ հասկանալու, թե ինչ փաստերի հիման վրա են նման պատասխանատու մեղադրական առաջադրել ՀՀ իշխանությունների հասցեին. Քուրդ պատգամավոր

Փորձում ենք կապի դուրս գալ «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ հասկանալու, թե ինչ փաստերի հիման վրա են նման պատասխանատու մեղադրական առաջադրել ՀՀ իշխանությունների հասցեին. Քուրդ պատգամավոր

Անհասկանալի է, թե «Քրդական աշխատավորական կուսակցությունը» ինչ փաստերի հիման վրա է հայտարարել, որ քուրդ զինյալներ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Հայաստանի իշխանություններն են հանձնել թուրքական կողմին, ոչ մի պաշտոնական տվյալ այդ մասով առկա չէ: Այդ մասին Infoport.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ազգությամբ քուրդ, ԱԺ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը` անդրադառնալով այս հարցով ՀՀ իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներին:

«Հիմա փորձում ենք կապի դուրս գալ «Քրդական աշխատավորական կուսակցության» ներկայացուցիչների հետ հասկանալու, թե ինչ փաստերի հիման վրա են նման պատասխանատու մեղադրական հայտարությամբ հանդես եկել, քանի որ ոչ մի հստակ տվյալ առ այն, թե ինչպես են նրանք հայտնվել թուրքական կողմում առկա չէ, բացի նրանից, որ ՀՀ ԱԱԾ-ն եւ Արդարադատության նախարարությանը հերքել են իրենց առնչությունը այդ փաստի հետ: Ես վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները չէին հանձնի քուրդ տղաներին»,- շեշտեց պատգամավորը:

Օգտվելով առիթից` Հասանովը, որպես ՀՀ-ում քրդական համայնքի առաջնորդ, իր վրդովմունքը հայտնեց այս հարցի անհարկի քաղաքականացման կապակցությամբ: «Ես չեմ ցանկանում, որ մեր երկու ազգերի միջև կոնֆլիկտ լինի: Վստահ եմ, որ երկուստեք իմաստության եւ փոխըմբռնման մթնոլորտում հարցը կքննարկվի եւ կշարունակվեն բարեկամական կապերը»,- եզրափակեց քուրդ պատգամավորը:

Նշենք, որ վերջին երկու օրերին հանրային և քաղաքական լայն քննարկման առարկա է դարձել երկու քուրդ զինյալներ Աթիլա Չիչեքի և Հուսեյն Յըլդրըմի Հայաստանի տարածքից Թուրքիայի իրավապահների ձեռքերում հայտնվելու փաստը: «Քրդական աշխատավորական կուսակցությունը» հայտարարությամբ հանդես եկավ` մեղադրելով Հայաստանի իշխանություններին նրանց թուրքական կողմից հանձնելու մեջ:

Դրանից հետո նույնաբովանդակ մեղադրանքներով հանդես եկան հայաստանյան ընդդիմադիր հասարակական-քաղաքական շրջանանկներ: Այս առնչությամբ հայտարարություններով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Արդարադատության նախարարությունը` նրանք հերքեցին իրենց առնչությունը քուրդ զինյալների թուրքական իրավապահների ձեռքերում հայտնվելու փաստի հետ:

Նշենք, որ մեկ տարի առաջ քուրդ զինյալները ապօրինի անցնելով ՀՀ սահմանը` դատապարտվել էին յոթ տարվա ազատազրկման: Այնուհետեւ մեկ տարի հետո, ՎՃռաբեկ դատարանը վերանայել էր այդ որոշումը և դատապարտել նրանց երեք տարվա պայմանական ազատազրկման: Քուրդ զինյալների դատապաշտպանը այսօր ԶԼՄ-երի հետ հարցազրույցում նույնպես նշել էր, որ հայկական կողմը չէր կարող հանձնած լիներ նրանց թուրքական իշխանություններին:

  • Կիսվել: