Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի շենքը կհատկացվի Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում որոշեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից գույք հետ վերցնել և այն օգտագործման իրավունքով ամրացնել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը իր գոծունեությունը իրականացնում է Կապան քաղաքի Գ. Արզումանյան 11ա հասցեում, ինչը չի բավարարում Քոլեջի ուսումնական բնականոն գործունեությունը կազմակերպելու համար:
Քոլեջը նախկինում գործել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի Կապանի մասնաճյուղի ենթակայությամբ, որը հետագայում մասնաճյուղից առանձնացել է և գործել է առանձին ուսումնական հաստատություն՝ «Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վերջինիս ամրացվել է մասնաճյուղի հանրակացարանային մասնաշենքը՝ որպես ուսումնական մասնաշենք:
Կապանի պետական ճարտարագիտական քոլեջի շենքային պայմանների բարելավումը և անհրաժեշտ գույքով ապահովումը՝ որպես միջոցառում ներառված է եղել ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշային ծրագրում, որի իրականացումը նախատեսվել է Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով:
Նշված շենքը ԵՄ ծրագրով վերանորոգվել է և վերանվանվել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ: Նույն ծրագրով ձեռք է բերվել լաբորատոր սարքավորումներ՝ տարբեր մասնագիտություննեի համար: Սարքավորումների մի մասը օգտագործվում է զբաղեցրած տարածքում, իսկ մեծ ուսումնական հաստոցները, ուսումնական մասնաշենքում տեղ չլինելեու պատճառով, գտնվում են Քոլեջի տարածքում՝ փաթեթավորված վիճակում:Մարզադահլիճը գտնվում է անմխիթար վիճակում:
Քոլեջում ներկայումս սովորում են 397 սովորող՝ 17 մասնագիտություններով և տարեցտարի ուսանողների թվի ավելացմամբ պայմանավորված՝ առկա շենքը չի բավարարում բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու համար:
Քոլեջի ուսումնական գործընթացը անխափան կազմակերպելու նպատակով առաջարկվում է վերջինիս հարևանությամբ գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Արզումանյան 11/3 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից և ամրացնել քոլեջին:
Նշված գույքը գտնվում է անմխիթար վիճակում և չի օգտագործվում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից: Գույքի օգտագործման պայմանների բարելավման աշխատանքները կիրականացվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Սյունիքի դիմակայունության հզորացմանն ուղղված շրջանակային վարկային ծրագրի շրջանակում:
Նշված գույքի վերակառուցվան աշխատանքների ավարտից հետո, համապատասխան բարեկարգված տարածքների առկայության դեպքում, կվերանայվի Կապան քաղաքում գործող արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման հարցերը: