կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փետրվարի 4-ից ՀՀ կներթափանցեն տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով. Սուրենյան

Փետրվարի 4-ից ՀՀ կներթափանցեն տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով. Սուրենյան

Հանրապետությունում մինչև փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաև փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

«Փետրվարի 4-ից սկսած մեր երկիր հարավից սկսում են ներթափանցել բավական տաք օդային հոսանքներ։ Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ու ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 12 աստիճանով։ Փետրվարի 7-ի ցերեկը Արարատյան դաշտում սպասվում է +12…+13, Երևանում  ՝ +10… +12 աստիճան, Սյունիքում հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +16…+18 աստիճանի, առանձին հատվածներում չի բացառվում +20 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Հանրապետությունում փետրվարի 5-6-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում։ Փետրվարի 5-ի առանձին շրջաններում քամու արագությունը կլինի 20-25 մ/վ, փետրվարի 6-ին քամու արագությունը կհասնի գագաթնակետին՝ 35 մ/վ արագությամբ, մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում։ Փետրվարի 7-ից սկսած քամին կդադարի։

Ինչ վերաբերում է ընդհանուր փետրվար ամսվա եղանակակլիմայական կանխատեսումներին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Տեղումների քանակը կլինի նորմայի մոտ։ Նրա գնահատմամբ՝ սպասվում է բավական տաք փետրվար։ Տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ առանձին օրերին ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +6… +10-ի, իսկ Լոռու, Տավուշի հատվածում կհասնի +17… +20-ի, Արարատյան դաշտում՝ +15…+17-ի, Սյունիքի հովտային շրջաններում՝ +20…+23-ի, Սյունիքի նախալեռնային շրջաններում +14-ի, Երևանում՝ +14 …+16 աստիճանի։

  • Կիսվել: