հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փետրվարի 1-ից կգնահատվի առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմողների ֆունկցիոնալությունը

Փետրվարի 1-ից կգնահատվի առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմողների ֆունկցիոնալությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն սահմանվելու է ֆունկցիոնալության թեթև, միջին, ծանր և խոր սահմանափակում:  

Նրա խոսքով՝ փետրվարի 1-ից կգնահատվի առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմողների ֆունկցիոնալությունը. թեթև աստիճանի դեպքում հաշմանդամություն չի սահմանվի, սակայն կմատուցվեն կանխարգելիչ ծառայություններ, իսկ մյուս դեպքերում պահպանվելու են նպաստները, կրթական, առողջապահական երաշխիքները: Փոխնախարարը հավելել է, որ անձի ֆունկցիոնալ գնահատման ժամանակ կլինեն ոչ միայն նեղ մասնագետներ, այլ նաև հոգեբաններ ու լոգոպեդներ:

Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Դիցուք ունենք որևէ հենաշարժական խնդիր ունեցող անձ, վիրաբույժի կամ նյարդաբանի հետ պետք է այս խմբում պարտադիր ներգավված լինի նաև էրգոթերապիստ, որը կգնահատի կենցաղում մարդու ինքնասպասարկման ունակությունը, օրինակ՝ այդ մարդը կարողանո՞ւմ է ինքնուրույն բաժակով ջուր խմել, սնունդ պատրաստել, իր տան եղած միջավայրում դարակները բացել, փակել, հագնվել և այլն:

Սա մեզ անհրաժետ է, որովհետև մենք պետք է դադարենք «հաշմանդամ երեխա» կամ «հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակով պայմանավորված մարդկանց սոցիալական, կրթական կամ առողջապահական նմանատիպ երաշխիքներ տրամադրել: Մանրակրկիտ գնահատման միակ գերակա շահը հաշմանդամություն ունեցող անձին ըստ կարիքի, մասնավորեցված ծառայություն ցանկ կազմելն է:

  • Կիսվել: