շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Պետք է զարմանք հայտնեմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել. Քերոբյան

Պետք է զարմանք հայտնեմ, որ Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը չնշել. Քերոբյան

Մեզ մոտ եկեղեցին և պետությունն անջատ են գործում. իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ, օրինակ, նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբրի 31-ը, հունվարի 1-ը  չնշել, որովհետև բացարձակ եկեղեցական տոներ չեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին՝ ոչ աշխատանքային պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը:

Վ. Քերոբյանը նշեց, որ եթե մի կողմից իրենք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող  նաև կառավարությանն օգնեն  և առաջարկեն դրա հետ մեկտեղ  չնշել դեկտեմբերի 31-ը  և հունվարի 1-ը, որեւէ որևէ հոգևոր նշանակություն չունեցող տոներ են:

Հարցին՝ եթե նման անհրաժեշտություն կա, ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում, նա պատասխանեց. «Մենք առողջ բանականությամբ գործող մարդիկ ենք, մեր աշխատանքում փորձում ենք գտնել  այն ճիշտ բալանսը, որը որ պետք է բերի նրան, որպեսզի...»։

Լրագրողի հարցին՝ այսինքն եկեղեցի՞ն է անառողջ, նախարարն արձագանքեց. «Ոչ։ Ասում եմ՝ երբ եկեղեցին առաջարկում է ավելացնել հանգստյան օրերի քանակը, իսկ  31, 1 որևէ հոգևոր նշանակություն չունեն»:

Լրագրողներից մեկը հուշեց, որ Ամանորի տոնն է դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին նշվում։

«Հա... Չէ ուզում եմ ասել, որ մենք չենք կարող առաջնորդվել միայն հոգևոր տոները նշելով»,- արձագանքեց  կառավարության ներկայացուցիչը։

Լրագրողներից մեկն ասաց՝ Հայաստանում ոչ բոլոր ազատ օրերն են հոգևոր տոներ, տոնական օրացույցում կան օրեր, որոնք հոգևոր տոների հետ չեն կապված։

«Կարևորագույն հոգեւոր տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են՝ Սուրբ ծնունդն է, Զատիկը»,- ասաց Վահան Քերոբյանը։

Լրագրողները նաև նշեցին, որ հունվարի 5-ին Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցում ժամը 17։00-ին, իսկ աշխատանքյաին օրն ավարտվում է 18։00-ին, մարդը ինչպե՞ս պետք է մասնակցի պատարագին։ Վ. Քերոբյանը վստահություն հայտնեց, որ որևէ գործատուի չի ճանաչում, ով չի թողնի իր աշխատակիցները գնան եկեղեցի, եթե դրա ցանկությունն ունեն։

«Այս հանգստյան օրերը հանելով՝ մենք նաև անուղղակիորեն ստիպում ենք, որպեսզի գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն այն արձակուրդային օրերը, որոնք պետք է մարդուն տարվա ընթացքում նորմալ վերականգնվելու համար։

Վստահ եմ, որ արդյունք կտա, ուժեղացնելու ենք ճնշումն այդ ուղղությամբ, որպեսզի մարդկանց աշխատանքային իրավունքները պատշաճ կերպով  պաշտպանվեն»,- ասաց Վ.Քերոբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվել է Ամանորին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը:

  • Կիսվել: