Պետք է ընդլայնել ՏՄՊՊՀ մանդատը՝ անբարո գերշահույթ ստացողների բռնելու համար. Զոհրաբյան
«Ամենահեշտ բանը մշտապես ասելն է, որ դա ձեր մանդատի մեջ չի մտնում, ձեր իրավասության մեջ չէ և փորձել այդ ձևով ձերբազատավել լրջագույն խնդիրների»,- այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՏՄՊՊՀ 2019 թվականի գործունեության հաշվետվությանը։
Պատգամավորն առաջարկում է ընդլայնել ՏՄՊՊՀ մանդատը։
«Խորհրդարանը քանիցս ասել է՝ ում մանդատի տակ չի մտնում կարևորագույն հարցերի քննարկումը, ապա օրենսդրորեն ընդլայնեն մանդատի շրջանակը՝ հատկապես հիմա, երբ տնտեսությունը սահմանային իրավիճակում է գտնվում և բոլոր կանխատեսումներով այդ վիճակը դեռ շարունակվելու է, ընդլայնենք ՏՄՊՊՀ մանդատը, որպեսզի ականջից բռնեք էն տնտեսվարողներին, որոնք փորձում են այս ֆորսմաժորային իրավիճակում ստանալ անբարո գերշահույթներ»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, երբ մոնոպոլիստները դեղատներին մատակարարում էին դիմակներ, այդ ժամանակ դիմակները վաճառվում էին 20-30 դրամով, նրանք որևէ մեկին լավություն չէին անում և այդ ժամանակ էլ ունեին գերշահույթ։ Իսկ հիմա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ունեն հարյուրապաըիկ ավելի գերշահույթ։
«Եվ ժամանակը բավականաչափ երկար էր, որ ՏՄՊՊՀ-ն նրանցից պահանջեր հաշվետվություն և նաև պատասխանատվություն՝ այս անոմալ գերշահույթների համար։ Ասեմ, որ որակների համեմատություն եմ արել. նախկինում 20-30 դրամով վաճառվող դիմակները շատ ավելի որակյալ էին, քան այս անորակ թուղթը, որը նույնիսկ մեկանգամյա օգտագործման համար էլ հնարավոր չէ օգտագործել, ես դրա վտանգազերծիչ գործառույթին ուղղակի չեմ հավատում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց, որ իրեն չի հանդիպել դեղատուն, որտեղ 150 դրամով դիմակ վաճառվի։
«Միգուցե դուք տեսել եք, որ 150 դրամով դիմակ վաճառվի, բայց Կենտրոն և Արաբկիր համայնքների բազմաթիվ դեղատներում ես գնել եմ դիմակ 220 դրամով։ Սա ուղղակի անթույլատրելի է, մենք պետք է հասկանանք, որ այս տրամաբանությամբ յուրաքանչյուր ընտանիք ամսական նվազագույնը 60 հազար դրամ պետք է ծախսի դիմակ գնելու համար։ Կամ էլ պետք է գրպանից հանի կեղտոտ դիմակը, որը վիրուսի բուն է և ճպպացնի դեմքին ու ման գա։ Կարգավորեք այս ոլորտը, այլապես սա սոցիալական լուրջ լարվածություն է առաջացնելու՝ հաշվի առնելով նաև Առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը, որ առնվազն երկու տարի մենք դեռ պետք է դիմակներ կրենք։ Հաշվեք, թե ընտանիքի բյուջեի վրա դա որքան է նստելու»,- ասաց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքներին պետք է անվճար դիմակներ հատկացնեն։