Պետք է ֆիլտր դնել, որ պաշտոնյայի ընտանիքը պետգնումներին չմասնակցի, ոչ թե մասնակցի, հետո քրգործեր լինեն. փոխվարչապետ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հավանություն տվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով. «Գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում կարևոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին։
Առաջարկվում է ներդնել հետևյալ մոդելը. Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Այն ընկերությունը, որում մասնակցության և կամ պայմանագրի հիման վրա պաշտոնյան կամ վերջինիս նշված ազգակիցները կամ վերջիններիս միասին հանրագումարային եղանակով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ ընկերության կողմից ընդունվող որոշումները։
Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության հետևյալ չորս մակարդակների. Առաջին մակարդակը Հանրապետության նախագահը, Ազգային Ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը: Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի:
Երկրորդ մակարդակը. վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ ԱԺ պատգամավորների և համայնքի ավագանու անդամների, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարման հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։
Երրորդ մակարդակը անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, մարդու իրավունքների պաշտպանը։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։
Չորրորդ մակարդակը. առաջինից երրորդ մակարդակներում չներառված պաշտոնյաները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները կարող են մասնակցել գնման գործընթացներին պայմանով որ եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ և դուրս գա հանձնաժողովի կազմից։ Եթե առկա չէ փոխկապակցվածություն, պաշտոնյան ստորագրում և հրապարակում է դրա բացակայության մասին հայտարարություն։
Մրցույթի մասնակիցը հայտով ներկայացնում է փոխկապակցվածության բացակայության մասին հայտարարություն և իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, որոնք հայտերը բացվելուց հետո դառնում են հրապարակային տեղեկություններ։
Ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, և եթե վերջինիս եզրակացությամբ կարձանագրվի խախտման փաստը, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի, իսկ ընկերությունը պատվիրատուին կվճարի պայմանագրի շրջանակներում իրեն վճարված գումարի 20%-ը։
Նաև կառավարությանը վերապահվում է գնման գործընթացների վրա պաշտոնյաների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն, վերջիններիս գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցություններից ելնելով»,–ասաց նա՝ հավելելով, որ այս կարգավորումների կատարման նկատմամբ հսկողությունը վերապահվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Սա զարմացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. «Ո՞նց, մենք չպիտի թվայնացնե՞նք այս ալգորիթմը, որպեսզի ռեալ աշխատի։ Մենք չգեներացնենք մի պրոբլեմ, հետո սկսենք իրավապահ մարմինների միջոցով դա լուծել, դա շատ ծախսատար է և ոչ արդյունավետ։ Սա պիտի աշխատի հետևյալ կերպ, որ ուղղակի հայտավորման փուլում համակարգը դուրս գցի այդ հայտը»։
Նախարար Հովհաննիսյանը նկատեց, որ եթե ընկերությունը մասնակցում է գնման գործընթացին՝ հայտարարելով, որ փոխկապակցվածություն չկա, հետո բացահայտվում է այդ փոխկապակցվածությունը, ապա նախ պայմանագիրը խզվում է, գումարը վերադարձվում է պատվիրատուին։
Մհեր Գրիգորյանի խոսքով, դա կնշանակի, որ գնումը տապալվեց. «Այսինքն մեզնից խլեց ժամանակ, ռեսուրս և այլն։ Ես ասում եմ մենք չենք կարո՞ղ մի շտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորիս անունները պետական գնումների ինչ-որ համակարգում ներբեռնված լինի և պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ առաջ շարժվի հայտը։
Ես կարծում եմ, որ հնարավոր է ձևակերպել շտեմարան, որ ժամանակի կորուստ չլինի։
Մենք այսօր հավանություն կտանք նախագծին, որովհետև նախաձեռնությունը ճիշտ է և լավն է, բայց ես ուզում եմ, որպեսզի կիրառումը լինի ռացիոնալ, ոչ թե իռացիոնալ ու դառնա նոր քրեական գործերի առարկա»,– նշեց նա։
Ֆինանսների նախարարը խոստացավ, որ ամեն ինչ կանեն, որ այդ ամենը ինքնաշխատ ձևով աշխատի։


