շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետք է ձեւավորել այնպիսի իշխանություն, որի շուրջ հնարավոր լինի իրականացնել համախմբում. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Պետք է ձեւավորել այնպիսի իշխանություն, որի շուրջ հնարավոր լինի իրականացնել համախմբում. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Լաչինի միջանցքը պետք է բացվի, խնդիրն այն է, թե ինչպես պետք է բացվի: Այս մասին «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Խնդիրը չափազանց բարդ է, բազմաթիվ գործոններով է պայմանավորված: Բայց կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսել, թե ինչպիսի նախադրյալներ պետք է լինեն, որ հնարավոր լինի պարտադրել ադրբեջանցիներին բացելու միջանցքը:

Կարեւոր է հասկանալ, թե մենք ինչ ջանքեր ենք գործադրում հակազդելու համար, նախապատրաստվելու համար ադրբեջանցիների գործողություններին: Այդ առումով պատկերը չափազանց տխուր է: Տպավորություն է, որ մեր ժողովրդի կյանքում որեւէ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Այսօր ամանորյա տոների նախապատրաստության շրջանակներում, թե հանրային հարթակներում, թե փողոցում տիրող տրամադրություններից շատ դժվար է դատել, որ մենք ունենք գոյաբանական խնդիրներ: Ես հասարակ քաղաքացիներին չեմ կարող մեղադրել, հանրային տրամադրության ստեղծման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են: Եթե իշխանությունը հնարավորություն ունի իր վարկանիշը բարձրացնելու համար այդպիսի տրամադրություններ ձեւավորել, ինչու չի կարող այդ տրամադրությունները ձեւավորել Արցախի հարցում, ՀՀ-ին սպառնացող դեպքերում»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքը փակ լինելու համար մեղադրում է Ռուսաստանին, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Դու չես կարող մեկ տարի առաջ, պատերազմից հետո հայտարարել, որ Շուշին հայկական չէ, ասել, որ մենք հնարավորություն չունենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը, հայտարարել, որ միջազգային որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, որտեղ Արցախը նշված է Ադրբեջանի կազմից դուրս, եւ հետո Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերից մեղադրես ռուս խաղաղապահներին: Արդյոք այդպիսի հայտարարությունները նպաստում են, որ ապահովենք Արցախի անվտանգությունը: Իհարկե ոչ: Այսպիսի քաղաքական անհեռատեսության, անհեւեողական գործողությունների արդյունքում ունենք այսպիսի պատկեր, երբ զրկվում ենք ինքներս մեզ պաշտպանելու հնարավորությունից»:

Նրա խոսքով, նախ պետք է  արձանագրել, թե Արցախի հարցում մեր դիրքորոշումն ինչ է. «Խաղաղասիրական թեզերը, որ շրջանառվեցին, բացարձակորեն համարժեք չեն այն ագրեսիային, որը դրսեւորում է մյուս սուբյեկտը: Այս պայմաններում առաջին հերթին համազգային մոբիլիզացիա է պետք: Դրա համար մենք փակ շղթայի շրջանակներում ենք: Առաջին, հմազգային մոբիլիզացիայի համար պետք է իշխանություն, որն իր գործողություններով որոշակի կանխատեսելիություն ունի, երկրորդ, մենք պետք է ունենանք հանրություն, որը համախմբվել է այդ իշխանության շուրջ: Մենք  մի կողմից ասում ենք՝ պետք է համախմբվել, մյուս կողմից ասում ենք՝ այս իշխանության շուրջ հնարավոր չէ համախմբվել: Պետք է ձեւավորել այնպիսի իշխանություն, որի շուրջ հնարավոր լինի իրականացնել այդ համախմբումը: Չի ստացվելու համախմբում այս իշխանությունների շուրջ, որովհետեւ այս իշխանությունը չի արտահայտել բավարար կամք, որ դրա շուրջ համախմբվի հասարակությունը: Հնարավոր չէ հակասական, իրարամերժ դիրքորոշումներով մարդկանց համախմբել»,-ընդգծեց հոգեւորականը:

Նա նկատեց, որ Եկեղեցին համախմբման ներուժն ունի, բայց Եկեղեցին քաղաքական գործառույթներ չի կարող ստանձնել:

  • Կիսվել: