ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պեմզաշենում իրավիճակը հանդարտվել է, գյուղացիները հեռացել են Վրույր Բարսեղյանի տան մոտից

Պեմզաշենում իրավիճակը հանդարտվել է, գյուղացիները հեռացել են Վրույր Բարսեղյանի տան մոտից

Այսօր, ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում լարված վիճակ էր ստեղծվել, քանի որ որոշ գյուղացիներ հավաքվել էին երեք սպանությունների համար մեղադրվող Վրույր Բարսեղյանի տան մոտ՝ ցանկանալով այրել այն:

Նշենք, որ այս պահին իրավիճակը գյուղում հանդարտվել է, բնակիչները հեռացել են Վրույր Բարսեղյանի տան մոտից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի՝ շարժառիթը եղել է գողությունը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

 

  • Կիսվել: