հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պայթյունի տրամագիծը շատ մեծ էր, և մեր բախտից էր, որ հայերը հենց այդ տրամագծի մեջ են ապրում․ Լիբանանահայ թերթի խմբագիր

Պայթյունի տրամագիծը շատ մեծ էր, և մեր բախտից էր, որ հայերը հենց այդ տրամագծի մեջ են ապրում․ Լիբանանահայ թերթի խմբագիր

Բեյրութում հրապարակվող «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը այսօր հանդիպելու է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ։ Իսկ մինչ այդ գույքագրում են Բեյրութի քաղաքային նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հասցրած վնասները։
 
«Առավոտ շուտ արթնանալուն պես լույսը օգնեց, որ պայթյունի հետևանքով պատճառված վնասները ավելի հստակ երևան։ Մեր խմբագրատունը և Թեքեյան կենտրոնի շենքը, որի մեջն է մեր խմբագրատունը և այլ գրասենյակներ, պայթյունի կիզակետին ամենամոտն են եղել ու դժբախտաբար, ամենաշատն են վնասվել։ Հայկական հաստատություն չկա, որ փոքր վնասված չլինի, քանի որ պայթյունի տրամագիծը շատ մեծ էր, և մեր բախտից էր, որ հայերը հենց այդ տրամագծի մեջ են ապրում։ Պարոն դեսպանը շատ արագ արձագանքեց, երեկ ու այսօր կապի մեջ էր և ավելի մոտիկից հետաքրքրվում է՝ ինչ փոխանցի Հայաստանի կառավարությանը», -InfoPort.am-ի հետ զրույցում ներկայացրեց «Զարթօնք»-ի խմբագիրը։
 
Հարցին, թե որքան մեծ է պատճառված վնասի չափը, հայկական պարբերականի խմբագիրը արձագանքեց․ «Ձեզ մեր շենքի օրինակով ասեմ՝ արագ հաշվարկը ցույց է տվել, որ մեզ պատճառված վնասի չափը նախնական հաշվարկով կազմում է 300 հազար ԱՄՆ դոլար։ Թե ինչպե՞ս պետք է այդ վնասը վերականգնվի, այլ հարց է, բայց պատկերացրեք, որ այդ հազարավոր շենքերից յուրաքանչյուրը այդչափ վնաս է կրել։ Այդ վնասը վերականգնելը հայկական կառույցների ուժերից վեր է, իսկ լիբանանյան պետությունն էլ պատուհասած ճգնաժամի պայմաններում չգիտեմ՝ ինչպես պետք է այս ամենի տակից դուրս գա։ Մանավանդ որ կողոպտված ու սնանկացած պետություն է»։
 
Բեյրութի նավահանգստում կատարվածի պատճառը, Հակոբյանի խոսքով, նախնական վարկածով պետության անփութությունն է։ «Կա վարկած, որ ինչ-որ պահեստում պայթուցիկ քիմիական նյութեր են անփույթ կերպով տարիներ ի վեր այնտեղ լքված եղել առանց ապահովական միջոցի և բնականաբար, այդ պայթյունի պատասխանատուն առաջին հերթին պետությունն է», -նշեց Սևակ Հակոբյանը։
 
Նրա խոսքով, երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո անմիջապես զգացել են աջակցություն ու զորակցություն Հայաստանից և մասնավորապես՝ կառավարությունից, ինչը անակնկալ է եղել իրենց համար։ «Կորոնավիրուսի հարուցած ճգնաժամը չեմ կարող ասել, թե արդյոք թույլ կտա, որ Հայաստանի կառավարությունը աջակցություն ցուցաբերի լիբանանահայությանը, բայց կարող եմ ասել, որ ես առաջին անգամ զգացի այս աստիճանի հոգածություն նույնիսկ հայտարարությունների տեսքով։ Այսչափ հոգածություն և շատ արագ արձագանք ոչ պետական, ոչ ժողովրդի մակարդակով մենք չենք զգացել։ Կարծես պայթյունի ձայնը Հայաստան էր հասել», -ասաց Սևակ Հակոբյանը։
 
Հետաքրքրվեցինք նաև՝ հայկական համայնքում կա՞ն արդյոք մարդիկ, որ ցանկանում են գնալ Հայաստան, արտագաղթել։ Ի պատասխան պարոն Հակոբյանն ասաց․ «Դրամատիկ տեղաշարժի խնդիր չկա»։
 
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի քաղաքային նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունը մեծ ավերածություններ է հասցրել քաղաքին։ Լիբանանի Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչները հայտնում են, որ պայթյունի հետևանքով առնվազն 100 հոգի մահացել է, ավելի քան 4 000 հոգի` վիրավորվել։

  • Կիսվել: