ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատրաստվում ենք բարեփոխել դատական համակարգի հիմնական աշխատանքային ծրագրերը. Գրիգոր Մինասյան

Պատրաստվում ենք բարեփոխել դատական համակարգի հիմնական աշխատանքային ծրագրերը. Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը մասնակցել և ելույթի խոսքով է հանդես եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցություն» ծրագրի բացման արարողությանը:
 
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը հնգամյա ծրագիր է, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը:
 
Գրիգոր Մինասյանն իր ելույթում կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, որի արդյունքն է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամը կարևոր մարմին է Արդարադատության նախարարության գործունեության շրջանակներում, որը ոչ միայն մասնակցում է իրավական ակտերի մշակմանը և օրենսդրական դաշտի բարելավմանը, այլև հանրային քննարկումների կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարևոր ծրագրերի կատարմանը։
 
Մինասյանը նշել է, որ արդարադատության ոլորտային ռազմավարական կարևորագույն փաստաթղթերից մեկը` Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը, մշակվել է հենց Հիմնադրամի կողմից: Բացի այդ, Հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ է իրականացվում նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
 
Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումների կարևոր տարր հանդիսացող Էլեկտրոնային արդարադատությանը: Մասնավորապես, ոլորտային թվայնացման աշխատանքները կարևորվում են որպես դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման գործիք, և այս ուղղությամբ միահամուռ աշխատանքները կնպաստեն Էլեկտրոնային դատարանի ստեղծմանն ու պատշաճ ներդրմանը:
 
Մինասյանը հայտնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ նախարարությունը պատրաստվում է անդրադարձ կատարել դատական համակարգի հիմնական աշխատանքային ծրագրերին, ներառյալ Cast, վիճակագրության գործիքներ, գործերի մակագրման, ձայնագրության և այլ առանցքային համակարգեր:
 
Մինասյանը կարևորել է նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը կարևոր միջոցառում է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակներն զարգացնելու և որպես դրա արդյունք նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

  • Կիսվել: