Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը միայն փոխշահավետ պայմաններով․ վճարահաշվարկային ընկերությունների հայտարարությունը
«Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության նոր պայմանները չեն համապատասխանում փոխշահավետ համագործակցության սկզբունքներին և կրում են միակողմանի բնույթ՝ վտանգելով ծառայությունների շարունակական և որակյալ մատուցման տնտեսական հիմքերը։ Այս մասին համատեղ հայտարարում են հայկական վճարահաշվարկային ընկերություններ EasyPay-ը, Idram-ը, Telcell-ը և Fast Shift-ը։
«Վերջին տարիներին ֆինանսական ծառայությունների իրական ինքնարժեքը էականորեն աճել է՝ ներառյալ տեխնիկական սպասարկման, անվտանգության և ենթակառուցվածքների պահպանման ծախսերը։
Չնայած դրան՝ վճարահաշվարկային ընկերությունները, կարևորելով հանրային շահը և քաղաքացիների համար վճարային ծառայությունների հասանելիությունը, չեն դիմել սակագների վերանայման և շարունակել են ծառայությունների մատուցումը գործող պայմաններով»,- գրված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ներկայում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը՝ մինչև 40-50%, չի ապահովում նվազագույն տնտեսական հավասարակշռություն և գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով։
«Առաջարկվող փոփոխության մերժումը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հանգեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից գործող պայմանագրերի միակողմանի խզման՝ անհնար դարձնելով բանակցությունների և խնդրի լուծման հնարավորությունը։ Պետք է ընդգծել, որ այսօր բջջային օպերատորների վճարումների ծանրակշիռ մասն իրականացվում է վճարահաշվարկային ընկերությունների հարթակների միջոցով, որոնք քաղաքացիներին ապահովում են արագ, անվտանգ և ժամանակակից վճարային լուծումներ»։ Վճարահաշվարկային կազմակերպությունները ահազանգում են, որ նման փոփոխությունները կարող են hանգեցնել ինքնագործունեությամբ զբաղվող լրացուցիչ միջնորդական օղակների ի հայտ գալուն և ավելորդ ֆինանսական բեռի առաջացմանը, ինչը հակասում է ժամանակակից վճարային ծառայությունների զարգացման տրամաբանությանը։ «Վճարահաշվարկային ընկերությունները բազմիցս հանդես են եկել բանակցությունների, ծառայությունների ընդլայնման և համագործակցային նոր մոդելների առաջարկներով՝ համոզված լինելով, որ կայուն համագործակցությունը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի շահերի հավասարակշռման վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Ընկերությունները դիմել են ՀՀ մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և համապատասխան պետական մարմինների։ Նրանք գտնում են, որ միակողմանի որոշումները կարող են խախտել արդար մրցակցության սկզբունքները։ «Վճարահաշվարկային ընկերությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը միայն փոխշահավետ, ֆինանսապես կենսունակ և ոլորտի երկարաժամկետ կայունությունն ապահովող պայմաններով՝ ի շահ քաղաքացիների և ամբողջ վճարային համակարգի զարգացման»։
Հիշեցնենք, որ նախ Viva Armenia և Team Telecom Armenia ընկերությունները, ապա UCOM-ը հայտնեցին փետրվարի 1-ից վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Viva-ն հայտնել էր, որ այդ կազմակերպությունների հետ հնարավոր չի եղել փոխշահավետ պայմաններով համագործակցության գալ: UCOM-ը տեղեկացրել էր, որ որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է:
Team-ը պատճառներ չէր նշել, իսկ թեմայի վերաբերյալ մեր հարցմանը դեռևս չի պատասխանել։


