երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար. հայտարարություն

Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար. հայտարարություն

«Հիմք ընդունելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանի դիմումը և տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022թ. հոկտեմբերի 20‑ին քննարկել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության համատեքստում:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում: Օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:

Այս առումով Հանձնաժողովը խիստ մտահոգված է Էրիկ Ալեքսանյանի պաշտպանի դիմումում, ինչպես նաև Էրիկ Ալեքսանյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով հայտնած տեղեկությունների առնչությամբ, որ վերջինս քրեական հետապնդման է ենթարկվում բացառապես իր օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացրած գործողությունների համար:

Հանձնաժողովը վերահաստատում է՝ փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:

Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցներին, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելուն՝ անհրաժեշտ է ընդգծել, որ փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա: Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինի ծայրահեղ միջոց, և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:

Միևնույն ժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը:

Նշված չափանիշներից ելնելով՝ քրեական վարույթի հանրային մասնակիցները պետք է առավելագույն հաշվետու լինեն փաստաբան Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորելու հարցում: Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեին, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվեր, որ քրեական վարույթը չէր կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվեր ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը:

Դրան զուգահեռ, խիստ մտահոգիչ է տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները փաստաբան Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ: Ընդհանրապես հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անհամաչափ ուժի կիրառումն ընդունելի չէ յուրաքանչյուր պարագայում, բայց վերը նշված հիմնավորումների համատեքստում խնդիրն առավել սուր է փաստաբանի դեպքում: Իրավասու մարմինները պետք է հետևողական քննության առարկա դարձնեն առկա տեղեկությունները, և իշխանազանցում թույլ տված պաշտոնատար անձինք ենթարկվեն արարքին համարժեք պատասխանատվության: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերն ի սպառ  բացառելու ուղղությամբ:

Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը քննարկելու ընթացքում՝ 2022թ. հոկտեմբերի 24-ին վերջինիս պաշտպանը հրապարակում էր տարածել այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանի անձնական խուզարկությամբ նրա մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող: Նշել է, որ սա նկատի ունենալով, արդեն չորս օր առաջ դիմել է նախաքննական մարմնին փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչն անհապաղ վերադարձնելու պահանջով, սակայն որևէ արձագանք քրեական վարույթն իրականացնող մարմնից չի ստացել:

Այս կապակցությամբ Հանձնաժողովը հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`

- Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը (2-րդ մաս).

- Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել (7-րդ մաս):

Գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է: Նշված նորմերը կոչված են երաշխավորելու վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելիս:

 

Փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչներն անձեռնմխելի են, դրանք գտնվում են օրենքի պաշտպանության ներքո:

Փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիության հարցին, այդ թվում՝ միջազգային չափանիշներին, Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է իր նախորդ հայտարարություններով (տե՛ս օրինակ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ հրապարակումը, հասանելի է՝ https://advocates.am/news/view/2554.html հղումով):

Այդ չափանիշները պետությանը պարտավորեցնում են ապահովել փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով արձանագրել է, որ փաստաբանի և իր հաճախորդի միջև նամակագրությունը, անկախ դրա նպատակից  ունի արտոնյալ կարգավիճակ, երբ հարցը վերաբերում է գաղտնիությանը,  ընդ որում՝ սա կիրառվում է փաստաբանների և իրենց հաճախորդների միջև բոլոր ձևի գրագրությունների նկատմամբ: Դատարանը նաև նշել է, որ մասնագիտական գաղտնիությունը հիմքն է փաստաբանի և հաճախորդի միջև վստահելի հարաբերությունների և դա առանձնահատուկ կշիռ է հաղորդում իրավաբանի մասնագիտական գաղտնիության նկատմամբ ոտնձգության վտանգին, քանի որ այն կարող է հետևանքներ ունենալ արդարադատության պատշաճ իրականացման վրա: Դատարանն արձանագրել է, որ փաստաբանների և իրենց հաճախորդների միջև գրագրության գաղտնիության ապահովման վիճակից անխուսափելի կախված է բոլորի` արդար դատաքննության իրավունքը, ներառյալ մեղադրյալների՝ իրենք իրենց չմեղսագրելու իրավունքը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է իր օրինական մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին  կալանավորումն է,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթի հանրային մասնակիցներին և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններին վերջինիս նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս՝ հաշվի առնել նրա որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է իրավասու մարմիններին քննության ենթարկել Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցում թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը ողջամտորեն կարող է պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել այն»:

  • Կիսվել: