Փաշինյանը բացատրեց` ատոմային էներգիայի հարցով ԱՄՆ-ի հետ ինչ համաձայնագիր է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստում է, որ Հայաստանը դեռևս վերջնական որոշում չունի, թե որ երկրի հետ համագործակցությամբ է կառուցելու նոր ատոմակայանը։
Ինչպես նա պնդեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, ատոմային էներգիայի ոլորտում փոքր մոդուլային կայաններ կառուցելու վերաբերյալ օրերս ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագիրը, բնավ չի նշանակում, որ Հայաստանը վերջնականապես որոշել է այդ հարցում համագործակցել ԱՄՆ հետ։ «Մենք այս հարցում համագործակցում ենք մի քանի երկրի հետ և վերջնական որոշում կկայացնենք՝ ըստ մեր երկրի լավագույն շահի»,- հավաստեց Փաշինյանը։
Իսկ ԱՄՆ-ի հետ համապատասխան պայմանագրի կնքման փաստը նա բացատրեց զուտ հետազոտական նկատառումներով։ «Քանի որ մենք ավելի հակված ենք փոքր մոդուլյառ կայանների կառուցմանը, քանզի դրանք ավելի անվտանգ են, ԱՄՆ-ի հետ համապատասխան պայմանագրի ստորագրումը թույլ կտա մեզ ավելի մոտիկից ուսումնասիրել այդ տեխնոլոգիաները, ապա միայն որոշում կայացնել»,- հավաստեց Փաշինյանը։
Նա մանրամասնեց, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրերից մեկ–երկուսը վերաբերում են նրան, որ Հայաստանը կունենա հնարավորություն ամբողջական տեղեկատվություն ստանալ, այդ թվում` մոդուլային ռեակտորների այն տեխնոլոգիաների մասին, որոնց հնարավորությունը ԱՄՆ–ն ունի։
«Այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն` որևէ մեկը չգիտի, թե մոդուլյար ռեակտորները ԱՄՆ–ում հասունության ինչ մակարդակի են հասել։ Այն տեղեկատվությունը, որ հնարավոր էր ունենալ առանց այս համաձայնագրի, մենք ունենք, սակայն քանի որ այդ ունեցած տեղեկատվության վերաբերյալ մեր հետաքրքրությունը բավականին մեծացել է ու ԱՄՆ-ի հետ էլ հարաբերությունները զարգանում են, հենց դրա համար ենք մեկ–երկու համաձայնագիրը ստորագրել, որպեսզի ԱՄՆ–ն մեզ համար բացահայտի տեխնոլոգիայի մյուս նրբությունները ու մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք»,– նշեց նա։
Վարչապետն ասաց, որ այս թեման քննարկել են նաև ՌԴ գործընկերների հետ։ Նրա խոսքով` այնտեղ կա տեխնոլոգիա, սակայն այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ դա ջրի վրա է։
«Դա սուզանավի ռեակտորի ադապտացված տարբերակ է։ Եթե չեմ սխալվում, դա Չուկոտկայում է։ Մենք խնդրել ենք ՌԴ մեր գործընկերներին, որպեսզի մեր փորձագիտական խմբի այց կազմակերպեն, որպեսզի մենք կարողանանք հասանելիություն ունենալ այդ տեխնոլոգիային նույնպես, սակայն Ռուսաստանում ցամաքի վրա նման ռեակտորներ չկան»,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` Չինաստանում, Կորեայում կա ցամաքի վրայի տարբերակների մեծ առաջընթաց։
Վարչապետն ասաց, որ այս տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել, քանի որ փորձագետները կառավարությանը զեկուցել են, որ եթե մոդուլյար ռեակտորում ի հայտ է գալիս վթարային իրավիճակ, դա, օրինակ, մեկ կիլիոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրի վրա ազդեցություն չի ունենա։


