շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փաշինյանը ափերից դուրս եկավ, երբ Շիրակի մարզպետը փորձեց արդարանալ դասասենյակի անվանակոչման հարցում

Փաշինյանը ափերից դուրս եկավ, երբ Շիրակի մարզպետը փորձեց արդարանալ դասասենյակի անվանակոչման հարցում

Բովանդակային հատվածով բոլոր դպրոցների կառավարումը ամբողջությամբ հանձնվում է ԿԳՄՍ նախարարությանը, տնտեսական մասով թող մնա մարզպետարաններին.  շատ արագ այդ որոշումները կայացրեք։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում  առանց ՊՆ նախարարի, ԳՇ պետի, ԿԳՄՍ նախարարի իմացության դպրոցում դասասենյակ են անվանակոչել ԳՇ գեներալներից մեկի անունով:

«Վերջին կաթիլը այդ բաժակի մեջ կաթեց, որը հարցը այլևս դարձնում է անքննարկելի»,-ասաց նա:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ասաց. « Պարոն վարչապետ, ամբողջությամբ ընդունում եմ ձեր դիտողությունը և նկատողությունը: Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ միջոցառումը եղել է շաբաթ օրը, անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով, ծնող խորհուրդ, մանկավարժական խորհուրդ և տնօրինություն: Իմ հորդորով չեղարկվել է այդ ամբողջը և բոլոր արձանագրությունները ուղարկվել է ԿԳՄՍՆ»:

Փաշինյանն ընդհատեց նրան՝ նշելով. «Մի րոպե էլի։ Ասենք գյուղի բնակիչները էլ դարդ չունեին, հա՞։ Մենակ եկեք անընդհատ հղումներ չանենք գյուղի բնակչությանը, բոլորս գիտենք՝ այդ որոշումները ոնց են կայացնում:

Ես մի օր կգնամ Վահրամաբերդ, հլը տեսնեմ, այդ ի՞նչ վիճակ եք ստեղծել Վահրամաբերդում, որ բնակիչները էլ ոչ պրոբլեմ ունեն, ոչ խնդիր, ոչ դարդ, ոչ ցավ ունեն, իրենց միակ խնդիրը դասարանը անվանակոչելն է։ Անվանակոչեք դասարանը ու վերջ։ Դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար։ Դադարեցրինք այս հարցի քննարկումը»:

  • Կիսվել: