Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և մարդատար «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վարել է Երևանի բնակիչ 67-ամյա Հակոբ Թումանյանը։
Վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի 45-ամյա Հակոբ Բեգունցը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Սամվել Մ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մայա Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հ. Թումանյանն ու մյուս ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 73-ամյա Մարտունի Ավետիսյանը, Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վալերիկ Քոչարյանը, Տավուշի մարզի բնակիչ 69-ամյա Յուրի Ավետիսյանը, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Դիանա Բարսեղյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 52-ամյա Վարդուհի Ադամյանի դին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվ էին գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի բժիշկները:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:
Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ГАЗель»-ը սպասարկում է Իջևան-Երևան միջհամայնքնային երթուղին:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: