կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Փարիզում տեղի է ունեցել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հոկտեմբերի 19-ին Փարիզի ամենահայտնի պատմական սրահներից մեկում՝ «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային տոնին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հայտնի ֆրանսիացի մշակութային ու հանրային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը։

Ընդունելությունը մեկնարկեց Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի բացառիկ կատարմամբ, որին հաջորդեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բոնի ելույթները։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր երկու պետությունների հարաբերություններում գրանցված շոշափելի ձեռքբերումները, հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը և աննախադեպ ջերմությունը։ Ընդգծվեց հարուստ և հազարամյա պատմություն ունեցող պատմական կապերի առկայությունը և այդ համատեքստում երկու ժողովուրդների՝ դժվարին պահերին միմյանց կողքին լինելու առանձնահատկությունը։

Անդրադառնալով Հայաստանի անկախության տոնի խորհրդին՝ դեսպանն ընդգծեց տառապանքներով լի այն դժվար ճանապարհը, որը մեր երկիրն ու ժողովուրդն անցել են՝ հանուն անկախության վերականգնման և հանուն ազգային զարթոնքի։ Շարունակելով խոսքը՝ դեսպանը հիշատակեց նաև այն դժվարին փորձությունները, որը Հայաստանն ու Արցախը ստիպված են այսօր հաղթահարել հայ ժողովրդի դեմ իր իսկ բնօրրանում ընթացող ագրեսիայի պայմաններում։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց միջազգային հանրության միասնական ու վճռական արձագանքի կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները կանխելու նպատակով։

Մեջբերելով նախագահ Մակրոնի խոսքերը՝ Հայաստանի հետ Ֆրանսիայի բացառիկ կապի և տարածաշրջանում Հայաստանի կողմից հանուն համընդհանուր հանդուրժողականության ու խաղաղության ոգու տարվող պայքարի մասին, դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային այս դժվար պատմական ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու և հայ ժողովրդի հետ համերաշխության համար։ Դեսպանն իր երախտիքի խոսքը հղեց նաև Ֆրանսիայի հայ համայնքին, որն անկեղծորեն և հավատարմորեն կապված է Մայր հայրենիքի հետ և ջանք չի խնայում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման համար։

Միջոցառման ընթացքում Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից կատարվեց նաև Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» հայտնի ստեղծագործությունը։

  • Կիսվել: