ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվում է դիմակներն ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը. Գեղամ Գևորգյան

Քննարկվում է դիմակներն ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը. Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է դիմակների հետ կապված թանկացումները: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, թե ի՞նչ ուսումնասիրություններ կան շուկայում, արդյո՞ք ոչ բարեխիղճ մրցակցություն կա։

Նրա խոսքով, հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության փաստի հիմքով վարույթի հարուցումը։

«Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածը, համեմատել ենք բոլոր մեծածախ և մանրածախ վաճառք իրականացնող խոշոր 7 ընկերությունների մարժաները և գնային քաղաքականությունները։ Նախնական ունենք հետևյալ պատկերը՝ դիմակների ներկրման արժեքը բարձրացել է մոտ տասն անգամ, բացի դրանից՝ մեծածախ ձեռբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում և այս մարժաների չափը մեզ անհանգստացրել է։ Դրա հիման վրա կիրականացնենք ուսումնասիրություններ», - ասաց նա։

Միևնույն ժամանակ Գեղամ Գևորգյանը նշեց, որ չեն կարող մեկ կամ երկու օրվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել։

Նրա խոսքով, իրենք ուսումնասիրում են ամբողջ շուկան, որպեսզի պատկերացում ունենան, քանի որ բժշկական և ոչ բժշկական դիմակը նույն կոդով է գալիս, փաստացի նայում են բոլոր դեղատնային ցանցերում տեղի ունեցող իրավիճակը՝ այդ թվում նաև մարզերում։

«Այս բոլոր տվյալների հաշվարկն է իրականացվում, աշխարհում տեղի ունեցող տնտեսությունն ենք նայում և այդ փաստերի համադրության հիման վրա, եթե առաջանում է վարույթի հիմք՝ վարույթ է հարուցվում»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Նրա խոսքով, այդքան ուսումնասիրության պատճառն այն է, որ այս իրավախախտումը չափազանց ծանր է և պատասխանատվությունը չափազանց մեծ է՝  նախորդ տարվա ամբողջ շրջանառության հասույթի մինչև 10 տոկոսը։ Ընդ որում, եթե փոխկապակցված են տնտեսվարող սուբյեկտները՝ այդ բոլորի կոմուլյատիվ հասույթի մինչև 10 տոկոսը. «Դա նշանակում է, որ պետք է լինենք շատ պատրաստված և շատ ճշգրիտ հաշվարկներ իրականացնենք»։

Գեղան Գևորգյանը ներկայացնելով միջազգային գներն, ասաց, որ Ռուսաստանում դիմակը Հայաստանից ավելի թանկ է վաճառվում, իսկ Վրաստանում Հայաստանից էժան է մի փոքր։

«Հայաստանում դիմակի ամենաբարձր գինը 220 դրամ է՝ ամենահասարակ դիմակի մասին է խոսքը, ամենալայն սպառման դիմակներն են դրանք։ Սակայն կա մի արատավոր երևույթ, որ ՀՀ-ում արտադրված դիմակը տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ՝ հետո վաճառում են դեղատներին, այսինքն՝ 2 մարժա է կիրառվում»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է դիմակի գների հարցով իրենց կողմից իրականացվող քայլերին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ պարետատան երեկվա նիստում քննարկել են դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը։

«Գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի՝ այսօր այդ քննարկումը կանենք։ Այս պարագայում, կարծում եմ, որ մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդներն ուղղակի դուրս կգան»,- ասաց նա։

  • Կիսվել: