երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանությունը առաջարկում է պարզեցնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու ընթացակարգը

Ոստիկանությունը առաջարկում է պարզեցնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու ընթացակարգը

Ոստիկանությունը առաջարկում է պարզեցնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վարչարարական ընթացակարգը։

Ազգային ժողովում Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ Ազգային ժողովում նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո օրինագծում կատարվել են որոշ փոփոխություններ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված հինգ առաջարկների հիման վրա։

«Մասնավորապես՝  Վարդևանյանի առաջարկությամբ օրինագծի 7-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի 4-րդ մասը հանվել է, որի արդյունքում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում պետության հանդեպ անձի կողմից պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկությունները կհավաքագրվեն լիազոր մարմնի, այն է ոստիկանության կողմից համապատասխան մարմիններին հարցումներ կատարելու միջոցով։

ՀՀ կառավարության կողմից ներկայացված առաջարկներից մեկի համաձայն օրենքի նախագծի 6-րդ հոդվածի առաջին մասից հանվել է սխալ տվյալներ ներկայացնելը, որը նախատեսվել էր, որպես քաղաքացիությունը դադարեցնելու հիմք։  Այդպիսի տվյալներ ներկայացնելը կարող է պայմանավորված լինել ինչպես լեզվական խոչընդոտներով հարցաթերթը լրացնելիս առաջադրվող հարցը ոչ հստակ հասկանալու հանգամանքով, այնպես էլ տեխնիկական վրիպակի հետևանքով և վարչական մարմնի համար գրեթե անհնարին կլինեն հիմնավորել՝ արդյոք տվյալ սխալը ներկայացնելու հանգամանքը եղել է դիտավորյալ, թե վրիպակի արդյունք։ Կառավարության մյուս առաջարկների հիման վրա օրինագծում կատարված փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ»,- ասաց Ֆիդանյանը։

Ֆիդանյանը Ազգային ժողովին առաջարկում է օրինագիծն ընդունել երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Նախագծով առաջարկվում է լուծել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, վերացնել առկա անհամապատասխանությունները, օրենսդրական հնարավորություններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի` պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքն ամբողջությամբ իրացնելու եւ «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի (որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.08.1994թ-ից) պահանջները պատշաճ կատարելու համար:

Նախագծի նպատակը ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչեւ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը ՀՀ նախկին քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը եւ իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալը բացառելու, ինչպես նաեւ անձի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարությունը պարզեցնելու հետ կապված խնդիրների հաղթահարումն է:

  • Կիսվել: