երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության զորքերի ամառային համազգեստը կփոխվի․ կառավարությունը հաստատեց 57․5 մլն դրամ արժողությամբ նախագիծը

Ոստիկանության զորքերի ամառային համազգեստը կփոխվի․ կառավարությունը հաստատեց 57․5 մլն դրամ արժողությամբ նախագիծը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում փոփոխություն է կատարել իր որոշումներից մեկում. ներկայացվող նախագծով նախատեսվում է ոստիկանության զորքերի ամառային համազգեստը ձեռք բերել այնպիսի բաղադրությամբ կտորից, որը կապահովի համազգեստի կրման հարմարավետություն և տեսքի պահպանման երկարակեցություն, ինչպես նաև փոխարինող համազգեստ ունենալու պարագայում կպահպանվեն հիգիենայի կանոնները։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու մասին» որոշմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում ներդրվել էր ամառային համազգեստի տարբերակներ: 2022-2023 թվականների ընթացքում՝ ամառային համազգեստի կրման ժամանակահատվածում, պարզվել է, որ համազգեստը որոշ ժամանակ արևի ճառագայթների տակ կրելիս, համազգեստի բաղադրությունում առկա բամբակի մեծ պարունակությամբ պայմանավորված, այն ժամկետից շուտ կորցնում է իր գունային հատկությունները՝ նրանցում առաջացնելով այլ գունային երանգներ:

Բացի այդ, «Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» անվանումներով համազգեստը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացվում է տարեկան մեկ հատ, որն,ա մենօրյա ռեժիմով կրելու դեպքում, շուտ է շարքից դուրս գալիս։ Միաժամանակ, անձնակազմը չունի փոխարինող համազգեստ:

Ըստ գործող որոշման՝ «Մարտաբաճկոն» հատկացվում է միայն հատուկ ստորաբաժանումների զինծառայողներին, սակայն ծառայող մարտական գործունեության ընթացքում, ստորաբաժանումներին առաջադրվող խնդիրներից ելնելով, պարզ է դարձել, որ անհրաժեշտ է, որպեսզի հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կրեն «Մարտաբաճկոն», որի վրա հարմարեցվում են այն բոլոր պարագաները, որոնք ստանում են զինծառայողները՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման համար:

Ըստ այդմ, որոշվել է, որ հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կապահովվեն համապատասխան համազգեստի տեսակով, որը հարմարավետ կդարձնի նրանց ծառայողամարտական գործունեության իրականացումը՝ հատկացվող անհրաժեշտ զենքի, հատուկ միջոցների և անհրաժեշտ պարագաների ծառայության ընթացքում կրման ժամանակ:

Նախագծի ընդունմամբ «Տաբատ՝ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» համազգեստի ձեռքբերման համար կառաջանա 57․5 մլն ՀՀ դրամի գումարի լրացուցիչ պահանջ, որը կիրականացվի ՀՀ ՆԳՆ ընդհանուր հատկացումների շրջանակներում։

  • Կիսվել: