չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 39-րդ հավաքագրումը

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 39-րդ հավաքագրումը

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 39-րդ հավաքագրումը: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ Գերմանիայում բուժվող հայ հիվանդը, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Բարեբախտաբար, համատեղելի դոնորը հիվանդի հարազատ եղբայրն է՝ Արսենը։

Արսենը, երբ իմացավ, որ համատեղելի է եղբոր հետ և կարող է եղբոր համար դոնոր հանդիսանալ, առանց մեկ վարկյան վարանելու, անցավ բջիջների հավաքագրմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և, այսօր, կրտսեր եղբորը նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։ Բջիջները ժամեր անց լիցենզավորված միջազգային փոխադրողի ուղեկցությամբ կլինեն Գերմանիայում, որտեղ կիրականացվի փոխպատվաստումը։

Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է, որն մասնագետների մեծ թվի ջանքերով։ Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ մոռանում են ազգային պատկանելություն և ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 33.000 դոնոր, ռեեստր դիմած 5686 հիվանդի հետ նախնական համընկնող 5616 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 39-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

  • Կիսվել: