չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որքան էլ զարմանալի հնչի, մեր բուժծառայություններից հաճախ օգտվում են նաեւ մայրաքաղաքի բնակիչները. «Նաիրիի» բուժկենտրոնի ղեկավար

Որքան էլ զարմանալի հնչի, մեր բուժծառայություններից հաճախ օգտվում են նաեւ մայրաքաղաքի բնակիչները. «Նաիրիի» բուժկենտրոնի ղեկավար

«Առողջապահություն» խորագրի ներքո Infoport.am-ը շարունակում անդրադառնալ մարզային բժշկական կենտրոնների գործունեությանը: Այս անգամ մեր անդրադարձը Եղվարդ խոշորացված համայնքի «Նաիրիի» ԲԿ-ի մասին է:

Ինչպես պատմում է ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, իրենց  հաջողության գրավականը ճիշտ և կազմակերպված ադմինիստրատիվ աշխատանքն է: «Մենք ջանում ենք գոհացնել բոլոր այցելուներին` ցուցաբերելով յուրաքանչյուրին անհատական մոտեցում»,-  ԲԿ-ի աշխատանքը ներկայացնելով, պատմում է Վարդանյանը:

-Պարոն Վարդանյան, ի՞նչ բժշկական ծառայություններից կարող են օգտվել համայնքի բնակիչները այցելելով «Նաիրիի» ԲԿ։

-Մեզ մոտ, ինչպես բոլոր մարզային բկ-ներում ծառայությունները ավելի ընդհանրացված են՝ վիրաբուժական, թերապեւտիկ եւ ամբուլատոր։ Վիրաբուժական ծառայությունում կատարվում են բազմապիսի վիրահատություններ, ընդհուպ անոթային եւ ԼOՌ միջամտություններ։ Ունենք նաեւ բարձրակարգ վնասվածքաբաններ։ Պոլիկլինիկան եւս հագեցած է կադրային մասնագետներով՝ սկսած ընտանեկան բժիշկներից մինչեւ  նեղ մասնագետներ։ Ունենք ծննդատուն, մանկական բաժանմունք։ Մտածում ենք երկրորդ վիրահատարանի ստեծման մասին, վերջին երկու ամսվա ընթացքում ներգրավվել ենք հոդերի սոնոգրաֆիայի մասնագետ, ներդրել ենք նաեւ թմրաբանական ստացիոնար բուժման բաժանմունք, որտեղ նախկինում բուժվել են ամբուլատոր պայմաններում, իսկ այսօր արդեն հնարավորություն ունեն ստանալ նաեւ ստացիոնար բուժում։

-Ի՞ նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում ԲԿ-ն վերազիննելու և նոր մասնագետներ ներգրավելու առումով ։

-Անկեղծ ասած, ԲԿ-ի ֆիննանսական միջոցները թույլ չեն տալիս մեծ պլաններ կազմել։ Բայց դիմել ենք մի քանի կազմակերպությունների, ովքեր խոստացել են առաջիկայում իրենց աջակցությամբ որոշակի սարքավորումներով համալրել բուժկենտրոնը: Եղվարդի համայնքապետը ստանձնել է լաբարատորիայի վերանորոգման աշխատանքների իրագործումը, աշխատանքներն արդեն մեկնարկել են։  Չնայած ամենօրյա ծագող խնդիրներին, մենք կարողանում ենք սպասարկել ոչ միայն մեր համայնքի բնակիչներին, այլ նաեւ, որքան էլ զարմանալի հնչի, մեր բուժծառայություններից շատ հաճախ օգտվում են նաեւ մայրաքաղաքի բնակիչները, ովքեր գալիս են բարձրակարգ եւ մատչելի բուժսպասարկում ստանալու համար։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ տենդենցը խթանենք` շեշտը դնելով գին\որակ օպտիմալ հարաբերակցության վրա: Պետք է ասեմ, որ մեր այցելուների թիվը գնալով աճում է, եւ դրա հիմնական գրավականը լավագույն բժիշկների սրտացավ ու պրոֆեսիոնալ մոտեցումն է։ ԲԿ-ի առաջընթացին միտված քայլեր են իրականացնում նաեւ մարզային իշխանությունները՝ ի դեմս Կոտայքի մարզպետ պարոն Սահակյանի։ Չկա մի խնդիր, որը գտնվի մարզային իշխանությունների լուծման տիրույթում եւ այդ խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում չգտնի իր լուծումը։ Մարզային իշխանությունները հասանելի են 24 ժամյա ռեժիմով։ Ի դեպ, պետք է ասեմ, որ նախորդ մարզպետի՝ պարոն Պետրոսյանի շնորհիվ է, որ այսօր դեռ գործում է մեր ծննդատունը։ Նա ամեն բան արեց, որ մեր ծննդատունը չփակվի ծննունդների քանակի սուղ լինելու պատճառով։

-Ի՞սկ, կարողացաք ընձեռնված հնարավորությունից օգտվել։

-Պատկերացրեք`  այո, մենք արդեն անցել ենք 150 ծնունդի շեմը։ Ասեմ, որ մեր ծննդկանների երեսուն տոկոսը կամ Երեւանից են կամ այլ շրջաններից, դա եւս միանշանակ պայմանավորված է ԲԿ-ում բարձրակարգ մասնագետների առկայությամբ։

Վարդանյանը նաև նշում է, որ իր կառավարման ընդամենը երեք ամիսների ընթացքում ԲԿ-ն ըստ ժամանակացույցի մարել է նախկինից ժառանգած վարկերը, բոլոր երեք ամիսներին զգալիորեն աճել են ԲԿ-ի դրամական մուտքերը:   

 

Նա նաև ընդգծեց, որ 2020-2021թթ. ԲԿ-ի անձնակազմի 57%-ը չեն օգտվել իրենց հասանելիք արձակուրդներից՝  Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմով և Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այդ իսկ պատճառով 2022թ.-ին արձակուրդային ֆոնդն ավելացել է:

Ընդամենը երեք ամիսների ընթացում ԲԿ-ն ձեռք է բերել մեծ քանակությամբ գույք և սարքավորումներ` կարդիոմոնիտոր, ինհալյատորներ մանկական բաժանմունքի համար, մահճակալներ վիրաբուժական և մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի համար, աշխատանքային սեղաններ ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար, համակարգիչներ, նորածնային լոգարան:

Տնօրենի նոր ժպ-ն այս կարճ ժամանակահատվածում բուժկենտրոնի զարգացման գործում կարողացել է նաև ներգրավել բարեգործական միջոցներ, որը տրամադրել են` ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը (25.000 ԱՄՆ դոլար)` արևային էլեկտրակայանի կամ երկրորդ վիրասրահի վերանորոգման համար:

Անհատ բարեգործներից ԲԿ-ի զարգացման ծրագրերի համար ներգրավվել է 150.000 ԱՄՆ դոլար`  նոր թերապևտիկ բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների համար:

««ՎԻՎԱ» հասարակական կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի համար նորածնային մահճակալներ, գինեկոլոգիական բազկաթոռ և ինֆուզոմատ ձեռք բերելու համար»,-  պարզաբանում է Վարդանյանը:

 

  • Կիսվել: