ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Որքան էլ հայանպաստ կեցվածքներ են ունեցել փելոսիները, փալոնները, նրանք այստեղ ԱՄՆ շահերն էին պաշտպանում. Տեր-Խաչատուրյան

Որքան էլ հայանպաստ կեցվածքներ են ունեցել փելոսիները, փալոնները, նրանք այստեղ ԱՄՆ շահերն էին պաշտպանում. Տեր-Խաչատուրյան

Նկատի ունենալով այն թեմաները, որ նենսի Փելոսին Երեւանում արծարծեց, մի մասն ակնարկեց Ռուսաստանին, մյուս մասով Իրանին, մեզ համար բացարձակապես անընդունելի է: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Որքան էլ հայանպաստ կեցվածքներ են ունեցել փելոսիները, ֆրանքպալոնները, ջեքիսպիրները եւ մյուսները, որ եկան, նրանց հետ շատ հարցերով համագործակցել ենք, մանավանդ Արցախի օժանդակության, Հայաստանի պաշտպանության, ցեղասպանության ճանաչման հարցերով, սակայն երբ եկել են այս տարածաշրջան, իրենց պատվիրակության ղեկավարը ԱՄՆ շահերն էր պաշտպանում, եւ այդ շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, հատկապես այն մասը, որը վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին:

Հայ-իրանական հարաբերությունները մեր ամենակարեւոր օղակն են, որովհետեւ Իրանն ամենից ճիշտ վերաբերմունքն ունի ՀՀ սահմանների ու Ադրբեջանի նկրտումների նկատմամբ, իսկ ՌԴ պարագայում, ԱՄՆ-ն փորձում է օգտվելով Արեւմուտք-Ռուսաստան բախումից, նաեւ փորձում է իր ազդեցությունը տարածել այս տարածաշրջանում»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու տեսակետին, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց. «Այս պահին ժամանակը չէ այդպիսի հարցադրման շուրջ հանգամանորեն մտածելու, բայց անհրաժեշտ է  ամեն տեսակի ճնշում բանեցնել ՀԱՊԿ-ի վրա, որպեսզի ինքը կարողանա իր դերը իսկապես ստանձնել, ինչպես նաեւ Ռուսաստանն իր դերը ստանձնի: Որովհետեռւ հստակորեն նշված է, որ եթե հարցը վերաբերում է Հայաստանի սահմաններին եւ տարածքային ամբողջականությանը, այդտեղ պարտականություններ ունեն մեր գործընկերները:

Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանի տկարությունից, ներկա խառնաշփոթ իրավիճակից օգտվելով, հնարավորություն է ստեղծվել, այսպես կոչված, ուղղություն փոխելու, բայց մենք  չենք կարծում, որ դա որեւէ դրական ազդեցություն կբերի Հայաստանի համար»:

Հարցին, թե հատկապես որ կողմի ջանքերով է վերջին հրադադարը հաստատվել, ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց. «Հակառակ այս խաղերին, բոլորս էլ գիտենք, որ հիմնական դերակատարը Ռուսաստանն է: Բայց պետք չէ թերագնահատել, որ հատուկ ջիգ թափեց օրինակ, Ֆրանսիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տանելով հարցը: Դա ողջունելի է: Մենք միշտ ասել ենք, որ գնահատելով հանդերձ Ռուսաստանի դրական դերակատարությունը, թեեւ ուզում ենք, որ մի քիչ ավելի վճռական լինի, ավելի իրապաշտ լինի մանավանդ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ, բայց նաեւ միշտ ասել ենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները հատուկ պարտականություններ ունեն: Թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան պետք է այսպիսի կացությունների մեջ հայանպաստ դիրքորոշումներ որդեգրեն: Այդ առումով ողջունելի են իրենց քայլերը, բայց իրենց վերագրել ամբողջ պատերազմի դադարը, մի քիչ չափազանցություն է»:

  • Կիսվել: