կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Որոշման մեջ մտացածին բաներ են գրված». ՀՅԴ գործիչների ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել

«Որոշման մեջ մտացածին բաներ են գրված». ՀՅԴ գործիչների ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել

ՀՅԴ կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամ Արտավազդ Մարգարյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանի խոսքով՝ ձերբակալման որոշման մեջ մտացածին բաներ են գրված. «Հավանաբար այդ մտացածին բաներն էլ ուղարկել են Քննչական կոմիտեի ղեկավարությանը, որտեղ էլ առանց հասկանալու կամ առանց ստուգելու հաղորդագրություն են տարածել»։

Բաբայանը շեշտեց, որ ձերբակալությունն ապօրինի է։

«Առանց որեւէ առիթի խուզարկություն են կատարել։ Իմ պաշտպանյալի տանը խուզարկության արդյունքում որեւէ բան չի հայտնաբերվել»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ իրավապահների խուզարկության արդյունքում առգրավել են Արտավազդ Մարգարյանի հեռախոսը. «Ես դա նույնպես ապօրինի եմ համարում»։

Մյուս ձերբակալվածի փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ իրենք նույնպես բողոքարկել են որոշումը.

«Համաձայն չենք ձերբակալման որոշման հետ։ Այս պահին մեղադրանք չկա, կասկածն էլ իրավաչափ չէ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ իր պաշտպանյալի տան խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։

Նշենք, որ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել նաեւ ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։ 

Խուզարկություններից հետո նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 3 անձ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

  • Կիսվել: