շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան

Որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան

Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են՝ ասել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ:

ԱԺ պատգամավորի հավաստմամբ՝ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ ձևավորված որդեգրման հարցերով աշխատանքային խմբի հիմնական նպատակն է իրականացնել փաստահավաք գործունեություն, քարտեզագրել խնդիրները և ոլորտի բարեփոխման համար ներկայացնել օրենսդրական առաջարկություններ:

«Նպատակ էր դրված նաև բացահայտել ոչ միայն  օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, այլև  որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրման դեպքերը»,- նշել է Հերիքնազ Տիգրանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանգամանալի ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեությունը, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին: Ըստ փոխնախարարի՝ որդեգրման համակարգում փոխկապակցված անբարեխիղճ աշխատանքով են պայմանավորված խնդիրները:

Վերլուծվել է 2015-2020 թթ. հայրության ճանաչման 53 հազար դեպք: Մինչև 2020 թ. մեր երկրում գերակշռել են միջազգային որդեգրումները: 2018 թ. օտարերկրացիների կողմից որդեգրվել է 49 երեխա: 2019 թ. հաշվառվել է 69 երեխա: Մեր քաղաքացիների կողմից որդեգրվել են 19-ը, օտարերկրացիների կողմից՝ 18 երեխա: 2020 թ. 32 երեխա ստացել է ներպետական, մեկը՝ օտարերկրյա որդեգրում: 2021 թ. արձանագրվել է 18 ներպետական և 5 օտարերկրյա որդեգրում: Փոխնախարարի հավաստմամբ՝ օտարերկրացիների կողմից մեր երեխաների որդեգրման գործընթացում առկա է նվազման միտում: Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ որդեգիրները հիմնականում ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Անդրադառնալով բնագավառի օրենսդրական բարեփոխումներին՝ փոխնախարարը կարևորել է ընտանեկան օրենսդրության բարեփոխումը: Մշակման փուլում է «Երեխաների իրավունքների և պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործերի վերաբերյալ: «Պետք է ամեն ինչ անել խնդիրներն օրենսդրական ճանապարհով լուծելու համար»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

Արսեն Այվազյանը շեշտադրել է հնարավոր բոլոր չարաշահումների կանխարգելման անհրաժեշտությունը:

Հարցի քննարկմանը մասնակցել և դիտարկումներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, Ոստիկանության, Դատախազության, ԱԳՆ և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: