չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Օպերատիվ կառավարման գրասենյակի 112 հեռախոսահամարը թույլ կտա տեղորոշել ահազանգող քաղաքացուն. նախագիծ

Օպերատիվ կառավարման գրասենյակի 112 հեռախոսահամարը թույլ կտա տեղորոշել ահազանգող քաղաքացուն. նախագիծ

Անհրաժեշտ է ձևավորել տարբեր ճգնաժամային իրավիճակներում իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների և այլ դեպքերի համար ահազանգերի և դրանց արձագանքման առավել մատչելի ու արդյունավետ համակարգ: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ նախատեսվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել 1 միասնական կառավարման կենտրոն՝ 1 միասնական հեռախոսահամարով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կլինեն օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, բնակչության ազդարարումը, ինչպես նաև հանրային իրազեկման ապահովումը:

«Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված՝ առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման և ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների գործունեութունը, դրանց տեխնիկական համակարգերն ամբողջ ծավալով փոխանցել գրասենյակին»,- ասաց նա՝ նշելով, որ կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ կկատարվեն նաև ՆԳՆ-ում և ՓԾ-ում:

Ոստիկանության և ՓԾ ահազանգերի հեռախոսահամարների փոխարեն՝ 102, 911, 101, առաջարկվում է արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամարն է:

«Նաև համարների միացումը և 1 համարի տիրույթ բերելը, հատկապես՝ 112-ի, հնարավորութուն է տալիս ահազանգող քաղաքացուն տեղորոշելու: Օրինակ՝ 102 հեռախոսահամարը տեխնիկապես այդ հնարավորությունը չի տալիս»,- ասաց նա:

  • Կիսվել: