Ողբերգական ավտովթար Երևանում. «Opel»-ը բախվել է երկաթե ցանկապատին. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքը
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, իսկ հետո բախվել «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի երկաթե ցանկապատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Դեֆանս»-ի անվտանգության աշխատակիցները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկներն ու քաղաքացիները։
«Դեֆանսի» աշխատակիցները նաև վիրակապել են վիրավորներից մեկին։
Դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանը։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալեր ԳրիգորԱվետիսյանի, Արթուր Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամանեին քննիչները,«Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։