Ո՛չ Պենտագոնի կենսաբանական ռազմաբազաներին ՀՀ–ում. ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է իրականացվում` ընդդեմ Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների։ Մասնակիցները դեսպանատան մոտ են եկել պաստառներով` «Ո՛չ Պենտագոնի կենսաբանական ռազմաբազաներին Հայաստանում», «Ո՛չ մահաբեր ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիաներին», «ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները սպառնալիք են Հայաստանի համար», «Deep State»–ի ներկայացուցիչ Քրիստինա Քվին, հեռացի՛ր Հայաստանից» և այլ գրառումներով։
Ակցիայի ընթացքում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ քանի դեռ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի նման դիվանագետներ կան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը կշարունակեն մնալ իշխանության։
«Մենք ասում ենք, որ Հայաստանը չպետք է լինի կենսաբանական լաբորատորիաների փորձադաշտ, առավել ևս, որ մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության վերևում են ամպերը խտանում։ Ուստի մենք ասում ենք, որ ՀՀ–ում գործող 13 լաբորատորիաները պետք է դուրս բերվեն մեր երկրից»,– ասաց Նահապետյանը։
Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ վերջերս մի նյութ է հրապարակվել, որտեղ USAID-ի նախկին աշխատակիցը մեկ այլ աշխատակցի տեղեկացնում է կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրերի շրջանակում կատարված որոշակի գործողությունների մասին։ Գրիգորյանը նշեց, որ այդ աշխատակիցը զգուշացրել է դրանց վտանգի մասին։
«Մեր երկրի տարածքում կասկածելի գործողություններ են կատարվում, և փորձաքննության դեպքում կարող է պարզվել, որ խախտվում են «Կենսաբանական զենքի կոնվենցիայի որոշ դրույթներ»,– նշեց Գրիգորյանը։