երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նրանց ընտանիքները չպետք է վերադառնան գյուղ». պեմզաշենցի ընտանիքի հայր

«Նրանց ընտանիքները չպետք է վերադառնան գյուղ». պեմզաշենցի ընտանիքի հայր

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործի նախաքննությունից տուժող կողմը առայժմ դժգոհություններ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։

Սևակ Մելիքսեթյանը պատմեց, որ վարույթով երկու մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի հետ շփում ունեցել է՝ որպես համագյուղացի։

«Հոգեկան խնդիրներ ունի՞ Վրույրը, թե՞ ոչ, դեռ պետք է փորձաքննությունն ապացուցի։ Մեր երկրում շատերն են այդ հիմնավորմամբ ազատվում բանակից, բայց հոգեկան խնդիրներ չեն ունենում։ Եթե ինքը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպե՞ս է ամուսնացել, երեք երեխա ունեցե՞լ։ Ես չեմ հավատում, որ հոգեկան հիվանդ մարդը կարող է նման հանցագործություն անել, երեխաների սպանել»,- նշեց նա։

Սևակ Մելիքսեթյանը պատմեց, որ մեղադրյալներից ոչ մեկի ընտանիքից իր հետ կապ չեն հաստատել. «Իրենք գյուղում չեն. մնան գյուղում ի՞նչ անեն, ինչպե՞ս ապրեն, պետք է հասկանան, որ չեն կարող։ Իրենք չպետք է պատկերացնեն իրենց վերադարձը գյուղ։ Ես ինչպե՞ս կարող եմ հանգիստ ապրել, եթե գիտեմ, որ մի քանի տուն այն կողմ մարդասպանի ընտանիքն է»,- ասաց Մելիքսեթյանը։

Սևակ Մելիքսեթյանը հիշում է՝ ընտանիքի հետ վերջին անգամ կապվել էր ողբերգական սպանության օրը՝ երեկոյան․ «Սովորական տրամադրություն ունեին, ի՞նչ իմանայինք՝ ինչ է մեզ սպասվում»։

Նշենք, որ ողբերգությունից մեկուկես ամիս անց էլ ոստիկանները շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել թե տուժողի, թե կասկածյալների տների մոտ։

  • Կիսվել: