երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Նոյեմբերին ատեստավորված ուսուցիչները հավելավճար կստանան հունվարից. Անդրեասյան

Նոյեմբերին ատեստավորված ուսուցիչները հավելավճար կստանան հունվարից. Անդրեասյան

Ուսուցիչների ատեստավորումը 2024-ին կազմակերպվեց ավելի ուշ՝ նոյեմբերի 23-24-ին, դրանից հետո ընթացել է բողոքարկման գործընթաց և ատեստավորման արդյունքները վերջնական ֆիքսվել են դեկտեմբերի վերջին օրերին, հետևաբար, տրամաբանական է, որ հավելավճարը հաշվարկվում է հունվարից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոյեմբերին ատեստավորում անցած ուսուցիչները հավելավճար ստանալու՞ են նոյեմբերի ու դեկտեմբերի համար:

Նա, մասնավորապես, նշեց. «Ուսուցիչների մոտ այս թյուրընկալման հարցը առաջացել է նաև այն պատճառով, որ նախորդ տարիներին մենք ատեստավորումը արել ենք սեպտեմբերին, ամենավերջին ատեստավորումը եղել է հոկտեմբերի սկզբին և, հիմնականաբար, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները արդեն ամբողջական ատեստավորումից հետո ամիսներ են եղել և ուսուցիչները վճարվել են»,-ասաց նա՝ հավելելով, որ գործընթացի ուշացման պատճառն այն է, որ առաջին անգամ ուսուցիչները էլեկտրոնային եղանակով են մասնակցել ատեստավորմանը:

«Ընդորում պետք ասեմ, որ բավական լավ մասնակցություն ենք ունեցել, դիմած ուսուցիչների 80%-ը մասնակցել է, շուրջ 5000 ուսուցիչ և նրանց շուրջ ավելի քան 70%-ը հաջողությամբ է հաղթահարել ատեստավորումը և դրա արդյունքում ունենալու է կամ դրույքաչափի փոփոխություն, կամ դրույքաչափի փոփոխություն և հավելավճար»:

Անդրեասյանն անհեթեթ համարեց լուրերը, թե նախարարությունը միտված է վերջ տալ ատեստավորմամբ հավելավճարներ տրամադրելու ծրագրին, քանի որ դա բյուջեի վրա թանկ է նստում:

«Ես իմ խոսքում հատուկ նշեցի, որ պետական բյուջեով, բացի ուսուցիչների աշխատավարձային ֆոնդից, գործում են հինգ տարբեր հավելավճարի ծրագրեր։ Նախորդ տարվա համար դրանց հանրագումարային բյուջեն եղել է 8։8 միլիարդ դրամ: Այս տարի միայն կամավոր ատեստավորման բյուջեն էր շուրջ այդքան, այսինքն պետությունը ամեն տարի ավելացնում է այդ այդ ծավալները, և մենք ի սկզբանե ենք ասել, որ մեր նպատակն է, որ մեր բոլոր ուսուցիչներն էլ մասնակցեն, հաղթահարեն և ունենան այդ արդյունքը, այնպես որ ես այդ խոսակցությունները համարում եմ լրիվ անհիմն»,-ասաց նա:

  • Կիսվել: