հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

Նոյեմբերի 5-ին կայանալիք աշնանային համապետական ծառատունկին ընդառաջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել նախապատրաստական աշխատանքների ամփոփում-քննարկում։

 

Նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը նախարարին են ներկայացրել ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Նախարարին են ներկայացվել ծառատունկի իրականացման համար նախատեսված տարածքների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխման վերաբերյալ մի շարք հարցեր։

 

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում անտառմշակույթների հիմնադրում տնկման միջոցով կտնկվի շուրջ 130 հա անտառ։ Ընտրված ծառատեսակները՝ սոճի, կաղնի, կեչի, թխկի, հացենի, թեղի, խնձորենի, արջատխիլ։

Անտառային կոմիտեի նախագահը նախարարին տեղեկացրել է նաև, որ 2022 թվականի աշնանային ծառատունկերի նախապատրաստական և տնկման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են և շարունակվելու են մինչև նախատեսված ամբողջ քանակի տնկումը։
Նախարարը խնդրել է գործընկերներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել և ապահովել ծառատունկի պատշաճ կազմակերպումը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին կտրամադրվեն տնկիները և համապատասխան պարագաները, կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը։

«Ծառատունկի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 651738»-,-տեղեկացնում են ՇՄ նախարարությունից:

  • Կիսվել: