Նոր Հաճընում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածները համագյուղացիներ էին՝ Ֆանտան գյուղից
Նոր Հաճն քաղաքում օգոստոսի 18–ին, շինարարական հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած երկու քաղաքացիները 37-ամյա Միսակ Ոպանյանն ու 41-ամյա Գարիկ Մարտիրոսյանն են, երկուսն էլ բնիկ Ֆանտան գյուղից էին։ Ֆանտան գյուղի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ Միսակ Ոպանյանն ապրում էր ծնողների հետ, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ մոր։ Երկուսն էլ ամուսնացած չէին։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։

Շինարարական հրապարակը, որտեղ ողբերգական դեպքը տեղի է ունեցել, Նոր Հաճընի նախկին պոլիկլինկան էր, որը վերանորգվում էր, վերանորոգումը իրականացնում է «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ն։ Մահացածները 41 և 37 տարեկան էին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) (2 դրվագ): 2 անձ ձերբակալվել է։



