երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Լիահույս եմ, որ հայ-չեխական հարաբերությունների համար այս կարևոր տարեդարձը հիմք կհանդիսանա զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունն ու համերաշխությունը: Վերհիշելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր առաջին հանդիպումը` հուսով եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում կամ այցելել Պրահա՝ քննարկելու ինչպես հայ-չեխական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, այնպես էլ շարունակելու Եվրոպայում կայունության և անվտանգության պահպանման և Հայաստանի եվրոպական նկրտումների մասին երկխոսությունը:

Բարձր եմ գնահատում ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակներում Ձեր ավանդը, որը միտված էր տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը: Վստահ եմ, որ մեր կառավարությունները կգործադրեն բոլոր ջանքերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և բարեկամ չեխ ժողովրդին խաղաղություն, հաջողություն և բարգավաճում բոլորիս համար այս դժվարին ժամանակաշրջանում»,- նշված է ուղերձում:

  • Կիսվել: