ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ներկայացվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները

Ներկայացվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները

Այսօր կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի քննարկմանն են ներկայացվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում նախատեսվող հիմնական փոփոխությունները։

Դեռ ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի կողմից նախարարության համապատասխան ստորաբաժանումների առաջ հստակ խնդիր էր դրվել՝ դուրս բերել գործող օրենքի բոլոր այն բացերը, որոնց նրանք առերեսվել էին, գույքագրել խնդիրները և հատուկ այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել ու մշակել օրենքի նոր նախագիծ, որը նախևառաջ հիմք կհանդիսանա կարգավիճակ ունեցող մի նոր ինստիտուտի կայացման, որի փորձագետի եզրակացությունը, ստորագրությունը կդառնան բարձր հեղինակություն ունեցող և անբեկանելի կնիք պետության կողմից։

Նոր օրենքի նախագծով նախատեսվում է ձևավորել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կազմում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գրասենյակ»։

Նախագծի մշակման հիմքերն են հանդիսացել վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N666-Լ որոշմամբ հաստատված Ճանապարհային քարտեզը, «ՀՀ -ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված Միջոցառումների ծրագիրը։

Այսօր օրենքի նախագծի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, որի հետ համագործակցաբար աշխատել են նաև նախարարին կից հասարակական խորհրդի անդամներից շատերը, խորհրդի ամբողջական կազմին է ներկայացրել ամիսների կատարած աշխատանքի արդյունքը, լսել նրանց դիտողությունները, առաջարկներն ու կարծիքները։

Նախարարի պաշտոնակատարը խորհրդի անդամ շահագրգիռ կողմերին ու բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներին խնդրել է 10-օրյա ժամկետում գրավոր ներկայացնել նախագծի հետ կապված իրենց առաջարկները, որոնք համապատասխան կարգով կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքում։

  • Կիսվել: