երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվեց. Ռոմանոս Պետրոսյան

Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվեց. Ռոմանոս Պետրոսյան

Այսօր՝ կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված և կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
 
«Իմ կարգադրությամբ երեկ ՀԷՑ-ում երկու առանձին Հանձնաժողովներ են կազմավորվել՝ Անվտանգության և վերահսկողության տնօրինության և Տեխնիկական տնօրինության կազմերում, որպեսզի իրարից անկախ երկու ուղղություններով՝ անվտանգային-իրավական և էներգետիկ-տեխնիկական, ներքին հետաքննություն իրակացվի այս խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու և հետագա ընթացքը պատշաճ լուծելու նպատակով։ Զուգահեռաբար ստուգողական-կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաև նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։
 
Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։
 
Միևնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել և շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի և նվիրական ջանքի համար։
 
Հայտնում եմ նաև, որ ՀԷՑ-ը նախատոնական և տոնական օրերին 24-ժամյա ուժեղացված հերթապահություն է սահմանել Երևանի բոլոր Շահագործման շրջաններում և ՀՀ մարզերի բոլոր էլ.ցանցերում՝ ապահովելու մեր քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումը, և հարկ եղած դեպքում, օպերատիվ կերպով արձագանքելու բաշխման ցանցում հնարավոր վթարներին՝ խափանումների արագ վերացման և էլեկտրամատակարարման հրատապ վերականգնման նպատակով։ Տոնական օրերին չեղարկվել են նաև բոլոր պլանային անջատումները, բացառությամբ՝ վթարային հնարավիր իրավիճակով պայմանավորված պլանայինների։
 
Ուրախ Ամանոր եմ մաղթում մեր քաղաքացիներին»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

  • Կիսվել: