հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախատեսվում է ընդլայնել հայերեն ժեստերի լեզվով, ինչպես նաև ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը

Նախատեսվում է ընդլայնել հայերեն ժեստերի լեզվով, ինչպես նաև ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը

Պատգամավոր Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը, հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների և հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք՝ նաև տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում: Հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել հանրային հեռարձակողների համար` ներառելով կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները և սոցիալական գովազդը:

Հեղինակը «Լեզվի մասին» ՀՀ օրենքում «Ժեստերի լեզու» հասկացությունը սահմանելու առաջարկ է ներկայացրել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը՝ պատգամավորի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում:

Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթը մշակելու համար հիմք է դարձել նաև «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության դիմումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է կառավարության դրական եզրակացությունը, նաև առաջարկները:

Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվելուց հետո փաթեթն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից:

  • Կիսվել: