հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախատեսվում է կատարելագործել ԵԱՏՄ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման իրավահարաբերությունները

Նախատեսվում է կատարելագործել ԵԱՏՄ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման իրավահարաբերությունները

Նախատեսվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը և անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի ներկայացմամբ արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման և մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար: Իրականացվել են նաև որոշ տեխնիկական փոփոխություններ:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հիմնական զեկուցողն անդրադարձել է ավելացված արժեքի հարկի դեբետի վերադարձին, ընթացակարգերին:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը կարևորել է մեկնարկած գործընթացը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: