Նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում
Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ֆիզիկական միջավայրի սահմանափակումների, ուսումնական տարածքների գերբեռնվածության, ինչպես նաև ուսուցչական և աջակցող մանկավարժական կադրերի որոշակի պակասի պայմաններում դասարանների կազմավորման գործող կարգի լիարժեք և միաժամանակյա կիրառման գործնական անհնարինությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում՝ առաջին դասարանից սկսած, միաժամանակ հնարավորություն ստեղծելով լուծելու առկա ենթակառուցվածքային և կադրային խնդիրները՝ առանց կրթական գործընթացի խաթարման։
Ըստ հիմնավորման, հաշվի առնելով ուսուցիչների առկայությունը, դասասենյակների տարածքային հնարավորությունները և դպրոցի ներքին կազմակերպչական պայմանները, առաջարկվում է այդ դպրոցներում դասարանների կոմպլեկտավորումն իրականացնել դպրոցի հայեցողությամբ՝ պահպանելով առաջարկվող պայմանները, անհրաժեշտության դեպքում կիրառելով երկրորդ հերթի համակարգ:
Արդյունքում ակնկալվում է՝ հանրակրթական դպրոցներում դասարանների կազմավորման փոփոխությունների կառավարելի և կանխատեսելի իրականացում, կրթական գործընթացի կայունության և շարունակականության ապահովում, ուսումնական հաստատությունների ֆիզիկական միջավայրի և մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, սովորողների հոգեբանական բարեկեցության և սոցիալական միջավայրի պահպանում, կրթական համակարգի հարմարվողականության բարձրացում և ռիսկերի նվազեցում։



