չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և «Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին:

 

Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին՝ շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Սփյուռքի հայկական կազմակերպությունների այն նախաձեռնություններին, որոնք խթանում և ամրապնդում են Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ու միասնական օրակարգի ձևավորումը:

 

Հանդիպման ընթացքում Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձերի ու ծրագրերի, առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է Ֆրանս-հայկական խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների ակտիվ գործունեությունը, ինչը պետք է համահունչ լինի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին:

«Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները:

Գուրգեն Հակոբյանն իր խոսքում նշել է, որ գործունեության ավելի քան 25 տարում սերտորեն համագործակցելով հայաստանյան պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, «Գրանթ Թորոնթոն Հայաստանը» իր ներկայությունն է հաստատել ավելի քան երկու տասնյակ երկրներում և տարածաշրջանում հանդես է գալիս որպես «լավագույն փորձի կրող» ընկերություն:

 

  • Կիսվել: