չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Նա իմ վարորդը չէր». Կոստանյանն ինքն է հաղորդում ներկայացրել «վիզաների բիզնես» անող աշխատակցի մասին

«Նա իմ վարորդը չէր». Կոստանյանն ինքն է հաղորդում ներկայացրել «վիզաների բիզնես» անող աշխատակցի մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ինքն է հաղորդում ներկայացրել դատախազություն նախարարության աշխատակցի վերաբերյալ, երբ տեղեկություններ է ստացել նրա, այսպես ասած, «վիզաների հնարավոր բիզնեսի մասին»։ Այս մասին նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Նա իմ վարորդը չէր, այլ ԱԳՆ-ի, որը նախարարությունում աշխատել է նաև մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը»,- ասաց Կոստանյանը

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության սկանդալի մասին։ Ըստ թերթի՝ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար գումար է վերցրել տարբեր մարդկանցից:

Կոստանյանի խոսքով՝ հաղորդումը ներկայացվել է սեպտեմբերի 14-ին, վարորդն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին։

«Սակայն սեպտեմբերի 14-ից հետո նա այլևս ինձ չի սպասարկել»,- շեշտեց նախարարի տեղակալը։

Ինչպե՞ս է կարողացել նախարարության վարորդը «վիզաների բիզնես» անել։ Կոստանյանի խոսքով՝ վարույթ է նախաձեռնված, և ինքը հույս ունի, որ շուտով թե՛ ինքն անձամբ, թե՛ հանրությունը կիմանա, թե ինչպես է դա եղել։

Կոստանյանը նաև տեղյակ չէ՝ արդյոք աշխատակիցը հիմա երկրում է, թե փախուստի է դիմել։

  • Կիսվել: