Մոռացել են, որ ՀՀ–ում ավիատոմսը անհասանելի մի բան էր՝ աստղաբաշխական գներով, և այսօր ասում են՝ «բան չի փոխվել». Փաշինյան
2018 թվականի համեմատ դեպի Եվրամիություն ուղևորությունները մոտավորապես 400-500%-ով աճել են և 10 ամսվա էլ բոլոր դեսպանատներում հերթ կա, ինչը նշանակում է, որ իրականում 600-700%-ով են աճել։ Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ես խոսում եմ վիճակագրության, տնտեսական աճի, բարեկեցության մակարդակի աճի մասին, ինձ ասում են՝ էս ի՞նչ ես խոսում, էլի գնացիք կաբինետներում փակվեցիք։ Այսինքն մարդը ձեռները ծափ տալով, ծակ կոշիկով, սոված-ծարավ, կարկատած բանով, Գիքորի նման, գնում է Հռոմ, կամ Բեռլի՞ն։
Հիմա բացարձակ բոլորը մոռացել են, որ Հայաստանում ավիատոմսը անհասանելի ինչ-որ մի բան էր՝ աստղաբաշխական գներով։ Այսօր մարդիկ կարող են 35–45 եվրոյով կամ 50 եվրոյով տոմս առնեն։ Ու մարդիկ կան, որ ասում են՝ ի՞նչ տարբերություն, դե ի՞նչ է փոխվել։ Ոչ ոք չի հիշում, որ տասնյակ տարիներով ավիատոմսերի մոնոպոլիայի, դրա հետևում գործող կոռուպցիոն սխեմաների մասին քննարկումներ են եղել։
Երկրորդը, մարդիկ գնում են Եվրամիություն, պետք է հյուրանոցում ապրեն, պիտի սնվեն։ Ես ֆեյսբուքում եմ տեսնում, որ գրում են՝ դե շաբաթ-կիրակի գնացինք, ասենք Վիեննա, կոֆե խմեցինք, հետ եկանք։ Ոչ մի բան չի փոխվել, բացարձակապես ոչ մի բան չի փոխվել։ Իսկ մի ժամանակ «Խաթաբալադան» կար, որտեղ հերոսն ասում էր՝ ես Էջմիածին երկու անգամ եմ եղել։ Հիմա Էջմիածինը փոխարինվել է Հռոմով, Բեռլինով, Աթենքով, Վիեննայով, Փարիզով, բայց «ոչ մի բան չի փոխվել»։
Մարդիկ Սևանի փոխարեն գնում են Եվրամիություն, բայց կառավարությունը կտրված է, սուտ է ասում, այդ աշխատատեղեր, տնտեսական աճ, բյուջեի աճ, սուտ է, նկարում են թվերը։ Բայց այդ թվերն էլ Եվրամիությունն է իմիջիայլոց մեզ տվել, մենք չենք ասել»,– ընդգծեց Փաշինյանը։


