չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՄԿՈՒ հաստատությունների մասնագետները ևս կարող են օգտվել աշխատավարձի բարձրացման հնարավորությունից՝ մասնակցելով կամավոր ատեստավորմանը

ՄԿՈՒ հաստատությունների մասնագետները ևս կարող են օգտվել աշխատավարձի բարձրացման հնարավորությունից՝ մասնակցելով կամավոր ատեստավորմանը

Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագետները ևս հնարավորություն կունենան կամավոր ատեստավորում անցնել։ Արդյունքում կարող են օգտվել աշխատավարձի բարձրացման հնարավորությունից։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար գործելու է նույն համակարգն, ինչը նախատեսված է հանրակրթական դպրոցների համար։   

«Նոյեմբերի 30-ին պատրաստվում ենք նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացին։ Այժմ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։ Ասեմ, որ 360-ից ավելի մասնագետ մասնակցելու է կամավոր ատեստավորմանը։ Գործընթացն իրականացվում է 4 ուղղությունով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, խոհարարություն և ոսկերչություն։ Հաջորդ տարի նոր ուղղություններ ևս կլինեն»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ փորձում են ատեստավորման համակարգը ներդնել տարբեր ոլորտներում, որպեսզի թե՛ աշխատողների կարողությունների զարգացման, թե՛ աշխատավարձերի բարձրացման հնարավորություն լինի։ Գործելու է նույն մեխանիզմն, ինչ հանրակրթական դպրոցներում՝ դրույքաչափի բարձրացում և հավելավճարներ։ Թեստերի առաջադրանքների 60 տոկոսը հաղթահարելու դեպքում դրույքաչափի փոփոխություն է տեղի ունենում։  Հաջորդիվ, արդյունքների համաձայն, համապատասխանաբար լինում է աշխատավարձի բարձրացում՝ 30, 40, 50 տոկոսի չափով։

Միջին մասնագիտական հաստատությունների մասնագետների համար ատեստավորման գործընթացը կազմակերպվելու է Երևանում, բայց կարող են մասնակցել այս ոլորտում աշխատող հանրապետության տարբեր մարզերի մասնագետները։ 

  • Կիսվել: