շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մխիթար Հայրապետյանը նամակ է հղել Բունդեսթագի իր գործընկերոջը` հայուհու և ադրբեջանցու հետ կապված միջադեպի առնչությամբ

Մխիթար Հայրապետյանը նամակ է հղել Բունդեսթագի իր գործընկերոջը` հայուհու և ադրբեջանցու հետ կապված միջադեպի առնչությամբ

ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին՝ նախորդ շաբաթ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի տիկին Բուդդե,

Համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ:

Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը:

Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովը քաղաքական նկատառումներով հրաժարվել էր Ռուզան Մանթաշյանի հետ հանդես գալ միևնույն բեմում:

  • Կիսվել: