չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մխիթար Հայրապետյանն ու Eleveight AI ընկերության ներկայացուցիչները քննարկվել են Հայաստանում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները

Մխիթար Հայրապետյանն ու Eleveight AI ընկերության ներկայացուցիչները քննարկվել են Հայաստանում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունները

Դեկտեմբերի 24-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Eleveight AI ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Eleveight AI ընկերության բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Դավիթ Առաքելյանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
 
Քննարկման առանցքում են եղել Հայաստանում արհեստական բանականության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ԱԲ տվյալների կենտրոնների ձևավորման հեռանկարները։
 
Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթություններն արհեստական բանականության ուղղությամբ՝ ընդգծելով պետական քաղաքականության առանցքային ուղղությունները, մասնավորապես, սուվերեն հաշվարկային հզորությունների ձևավորումը, տեղական ԱԲ ենթակառուցվածքների զարգացումը և արտաքին տեխնոլոգիական կախվածության նվազեցումը։ Իր խոսքում նախարարը կարևորել է ԱԲ լուծումների կիրառումը պետական և մասնավոր հատվածներում՝ որպես թվային տնտեսության զարգացման խթան։
 
Արման Ալեքսանյանն իր հերթին կարևորել է Հայաստանում նոր սերնդի արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի ստեղծման ռազմավարական նշանակությունը։ Նրա խոսքով` նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի կողմից տրամադրված նորագույն գրաֆիկական պրոցեսորների արտահանման արտոնագրի շնորհիվ, որն ինքնին նվաճում է ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի համար։
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Eleveight AI-ի կողմից մշակվող AI-as-a-Service, GPU-as-a-Service և ամպային ծառայությունների զարգացման հնարավորություններին, մասնավորապես, վերականգնվող էներգիայի վրա հիմնված էներգաարդյունավետ ենթակառուցվածքների կիրառման մոտեցումներին:
 
Ամփոփելով հանդիպումը` երկուստեք կարևորել են շփումների շարունակականությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ և պատրաստակամություն հայտնել ընդլայնել քննարկումները՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցության կոնկրետ ձևաչափերի մշակման ուղղությամբ։

  • Կիսվել: